«Դուք՝ մեզ, մենք՝ ձեզ». Պետական բյուջեն՝ իշխանական կուսակցության գրպա՞ն

Մինչ հասարակ քաղաքացիները հարկային ծանր բեռի տակ են, իսկ գործարարներից շատերը դժվարանում են գոյատևել շուկայական մրցակցության պայմաններում, կառավարությունը «ընտրյալների» համար բացել է պետական բյուջեի «դռները»։ Infocom.am-ի հետաքննությունը բացահայտում է հայաստանյան քաղաքական-բիզնես համակարգի ամենամութ անկյուններից մեկը. մաքսատուրքերից ազատված գործարարներն իրենց «շնորհակալությունն» են հայտնում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությանը և վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամին՝ բազմամիլիոնանոց նվիրատվությունների տեսքով։

Պետական նվերներ՝ «յուրային» բիզնեսին

2023-2025 թվականներին կառավարությունը 214 անգամ մաքսատուրքից ազատման արտոնություն է շնորհել 202 ընկերության։ Այս արտոնությունների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 149 մլրդ դրամ ։ Հատկանշական է, որ այդ գումարի կեսից ավելին՝ 35.4%-ը, բաժին է հասել ընդամենը երկու խոշոր բիզնես շրջանակի՝ Սամվել Ալեքսանյանի և Վարդանյան եղբայրների ընկերություններին։

Կառավարությունն այս արտոնությունները հիմնավորում է «ներդրումների խրախուսմամբ» և «աշխատատեղերի ստեղծմամբ»։ Սակայն իրականությունը հեռու է հեքիաթային պատկերից. նախարարությունները նույնիսկ չեն ստուգում ընկերությունների ներկայացրած թվերը, իսկ աշխատատեղերի խոստացված աճը մնում է թղթի վրա։

«Quid pro quo». Քաղաքական «շնորհակալություն»

Համակարգի տրամաբանությունը պարզ է. գործարարը ստանում է պետական արտոնություն, իսկ փոխարենը՝ ֆինանսավորում իշխող կուսակցությանը։ Infocom.am-ի տվյալներով՝ արտոնություն ստացած գործարարները միասին ավելի քան 110 մլն դրամի նվիրատվություն են կատարել ՔՊ-ին և «Իմ քայլը» հիմնադրամին։

Նվիրատվություններ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը

2023-2024 թվականներին արտոնություն ստացած ընկերությունների հետ կապված անձինք կուսակցությանը նվիրաբերել են առնվազն 12 150 420 դրամ։ Infocom-ը կարողացել է նույնականացնել 11 ընկերության 13 սեփականատերերի և տնօրենների, որոնք նվիրատվություն են կատարել արտոնությունը ստանալուց առաջ կամ հետո։

Ամենախոշոր նվիրատուներից են՝

  • Վլադիմիր Պողոսյան («Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի նախկին տնօրեն)՝ 2.5 մլն դրամ։ Նվիրատվությունից շաբաթներ անց ընկերությունը ստացել է 102.6 մլն դրամի արտոնություն։
  • Էդգար Հովհաննիսյան («Պակ Պեն» ՍՊԸ-ի սեփականատեր և տնօրեն)՝ 2.2 մլն դրամ։ Նույն օրը ընկերությունը ստացել է 48.6 մլն դրամի արտոնություն։
  • Ժորա Վարդանյան («Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի 10% բաժնետեր)՝ 2 մլն դրամ։ Ընկերությունը նախկինում ստացել էր 2.7 մլրդ դրամի արտոնություն, իսկ 2025-ին՝ ևս 750 մլն դրամի։
  • Անդրանիկ Բախտավորյան («Պրինտարմ դանվեստ» ընկերության բաժնետեր)՝ 1.5 մլն դրամ։ Ընկերությունը 2023-ին ստացել է 830 մլն դրամի արտոնություն։
  • Դմիտրի Ալեկսեյենկո («Բերրիմաունթ» ընկերություն)՝ 1 մլն դրամ։ Ընկերությունը ստացել է 49.5 մլն դրամի արտոնություն ելակի ջերմոցների համար։
  • Արվին Նազարյան («Նազարյան քուլինգ սիսթեմս» ընկերության 100% բաժնետեր)՝ 1 մլն դրամ։ Ընկերությունը 2024-ին ստացել է 50 մլն դրամի արտոնություն։

Նվիրատվություններ «Իմ քայլը» հիմնադրամին

2023-2025 թվականներին արտոնություն ստացած գործարարների ընկերությունները «Իմ քայլը» հիմնադրամին նվիրաբերել են առնվազն 95 մլն դրամ։ Այստեղ նվիրատվությունները զգալիորեն ավելի խոշոր են, քան կուսակցությանը արվածները։

  • «Արսենալ լտդ» ՍՊԸ՝ 30 մլն դրամ։ Զենքի արտադրությամբ զբաղվող այս ընկերությունը 2025-ին ստացել է 20 մլն և 131 մլն դրամի արտոնություններ։ Ընկերության հիմնադիր Ստանիսլավ Բեկովը նվիրատվություն է արել նաև ՔՊ-ին։
  • «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ՝ 20 մլն դրամ։ Ընկերությունը բազմիցս ստացել է մաքսային արտոնություններ։
  • «Մոբայլ Սենթր Արթ» ՍՊԸ՝ 10 մլն դրամ։ Ալեքսանյան ընտանիքին պատկանող այս ընկերությունը Հայաստանի 2025 թվականի խոշորագույն հարկատուն է։
  • «Ֆարմատեք» ՓԲԸ՝ 10 մլն դրամ։ Դեղագործական ընկերությունը 2024-ին ստացել է 155.6 մլն դրամի արտոնություն։
  • «Երևանի գարեջուր» ՓԲԸ («Կիլիկիա» ապրանքանիշ)՝ 10 մլն դրամ։ Ընկերության հավասար բաժնետերերն են նախկին պատգամավորներ Աշոտ Բաղդասարյանը և Հակոբ Հակոբյանը։
  • «Շինվեկտոր» ՍՊԸ՝ 8 մլն դրամ։ Փոխկապակցված «Գրին սոլուշնս» ընկերությունը 2024-ին ստացել է 93.6 մլն դրամի արտոնություն։
  • «Պրինտարմ Դանվեստ»՝ 5 մլն դրամ։
  • «Սան ֆուդ»՝ 2 մլն դրամ։ Ընկերությունը 2023-2024 թթ. ստացել է 72.7 մլն և 322.4 մլն դրամի արտոնություններ։

Հակակոռուպցիոն փորձագետ Վարուժան Հոկտանյանը սա որակում է որպես դասական «դու՝ ինձ, ես՝ քեզ» մոդել։ Ըստ փորձագետի, գործարարները նվիրատվությունները կատարում են ոչ թե գաղափարական համակրանքից, այլ՝ սեփական բիզնեսը իշխանական ճնշումներից ապահովագրելու համար։

Թափանցիկության պատրանքը

Իշխանությունները հպարտանում են իրենց «թափանցիկությամբ», սակայն, ինչպես նշում է Վարուժան Հոկտանյանը, նվիրատուների միայն անուն-ազգանունները հրապարակելը ծուղակ է։ Հայաստանում նույն անուն-ազգանունով հարյուրավոր մարդիկ կան, ինչը գործնականում անհնար է դարձնում իրական հովանավորների նույնականացումը։ Ավելին, ՔՊ-ն ինքն է որոշում՝ հրապարակե՞լ հայրանունները, թե՞ ոչ, ինչն էլ ավելի է խորացնում կոռուպցիոն ռիսկերը։

Աշխատատեղերի պարտավորությունների վերահսկողության բացակայություն

Մաքսային արտոնություն ստանալու համար ընկերությունները պարտավոր են նշել, թե քանի աշխատատեղ են նախատեսում ստեղծել։ Սակայն Էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացրել է, որ իրենք որևէ վերահսկողական գործառույթ չունեն, այլ իրականացնում են միայն մոնիթորինգ՝ ընկերությունների ներկայացրած թվերը հավելյալ չստուգելով։

Նախարարությունը հրաժարվել է տրամադրել 13 ընկերությունների վերաբերյալ առանձին տվյալներ՝ նշելով, որ դրանք հրապարակման ենթակա չեն։ Հայտնի է միայն, որ 2024-ի հունիսի 30-ի դրությամբ այդ ընկերությունները ստեղծել են ընդհանուր 234 նոր աշխատատեղ, մինչդեռ մինչև 2025-ի վերջը նրանք պարտավորվել էին ստեղծել 660 աշխատատեղ։

Իշխանության «ընկերական» բիզնեսը

Հատկանշական է, որ նվիրատվությունների հիմնական մասը կենտրոնացած է Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամի շուրջ։ Սա հիմք է տալիս պնդելու, որ իշխանությունը ոչ միայն պետական բյուջեն է դարձրել կուսակցական ծախսերի աղբյուր, այլև հանրային ռեսուրսները կոծկում է բարեգործության «քողի» ներքո։

Երբ «Սպայկան», «Ջերմուկ գրուպը» կամ Ալեքսանյանի բիզնեսները ազատվում են հարկերից ու տուրքերից, իսկ փոխարենը միլիոններ են փոխանցում իշխանությանը մոտ կանգնած հիմնադրամներին, սա այլևս տնտեսական քաղաքականություն չէ։ Սա պետական կապիտալիզմի և կուսակցական ֆինանսների սերտաճման հերթական դրսևորումն է, որտեղ շահում են միայն «իշխանամերձ» խաղացողները, իսկ հարկատուի հաշվին պահվում է քաղաքական օրակարգը։

Հասարակությունը, որը 2018-ին հույս ուներ ազատվել նմանատիպ կոռուպցիոն շղթաներից, այսօր ականատես է լինում նույն մեխանիզմների՝ ավելի նուրբ, բայց նույնքան ցինիկ կիրառմանը։ Իշխանությունը, որ խոստանում էր կոռուպցիայի բացակայություն, իրականում կառուցել է մի համակարգ, որտեղ «պետական շահը» և «կուսակցական դրամարկղը» դարձել են անբաժանելի։

Infocom․ ՔՊ-ին նվիրատվություններ արած պաշտոնյաների ծախսերի մի մասը հայտարարագրերով հիմնավորված չէ

«Ինֆոքոմ»-ի ուսումնասիրությունը բացահայտել է անհամապատասխանություններ 2025 թվականին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը նվիրատվություններ կատարած մի շարք պաշտոնյաների եկամուտների, դրամական միջոցների և ծախսերի միջև։ Որոշ դեպքերում հայտարարագրերում արտացոլված եկամուտները չեն բավարարում կատարված ծախսերը հիմնավորելու համար, իսկ պաշտոնյաներից մի քանիսը պարզաբանումներ են ներկայացրել չհայտարարագրված եկամուտների վերաբերյալ։

Կարդալ ավելին

Hetq․ Ծաղկաձորի 46 հեկտար անտառապատ հողերը չվերադարձվեցին պետությանը․ դատական գործերի մեծ մասն ավարտվել է անհաջողությամբ

Ծաղկաձորի սկզբնամասում գտնվող՝ շուրջ 46 հեկտար անտառապատ հողերը, որոնք ապօրինի սեփականաշնորհվել էին 2007 թվականին, պետությանը վերադարձնելու գործընթացը հիմնականում արդյունք չի տվել։ Ինչպես գրում է «Հետք»-ը, ութ տարի տևած դատական գործընթացների մեծ մասն ավարտվել է բացասական ելքով, իսկ Հակակոռուպցիոն դատարանի վճիռների հետ դատախազությունը համաձայն չէ։ Իրավիճակն ավելի է բարդացել, քանի որ հողերի որոշ սեփականատերեր, օգտվելով գույքի նկատմամբ արգելանքի բացակայությունից, հասցրել են վաճառել դրանք։

Կարդալ ավելին

Պետական պաշտոնյաներին մոտ 5 մլրդ դրամի պարգևավճարներ․ ինչպե՞ս է բաշխվում հանրային գումարը

Պետական պաշտոնյաներին և պետական համակարգի աշխատակիցներին պարգևավճարներ տրամադրելու համար կառավարությունը հատկացրել է մոտ 5 մլրդ դրամ։ Գումարների բաշխման, դրանց հիմնավորվածության և պարգևատրման չափանիշների վերաբերյալ հարցերը շարունակում են մնալ հանրային վերահսկողության օրակարգում։ Հուլիսին այս թեմային անդրադարձել էին «Ազատություն Ռադիոկայան»-ը ու Factor TV-ն։

Կարդալ ավելին

Verelq․ Դատախազությունը պահանջում է բռնագանձել «Այրարատ» կինոթատրոնի շենքը

Գլխավոր դատախազությունը հայց է ներկայացրել՝ Երևան, Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեում գտնվող «Այրարատ» («Ռոսիա») կինոթատրոնի շենքը բռնագանձելու պահանջով։ Անշարժ գույքը պատկանում է գործարար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։

Կարդալ ավելին

«Hetq». Դատախազությունը վիճարկում է Գուրգեն Արսենյանի ընկերության ձեռք բերած նախկին մանկապարտեզի աճուրդը

Տավուշի մարզի դատախազությունը դիմել է Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9 մանկապարտեզի շենքի աճուրդը և գույքը վերադարձնել համայնքին։ Այս մասին հայտնում է «Hetq»-ը։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև