«Հրապարակ». «Ֆակտորի Փրոդաքշն»-ը պետական բյուջեից 5,7 միլիարդ դրամի պատվերներ է ստացել

Իշխանափոխությունից հետո պետական միջոցառումների կազմակերպման համար հատկացվող բյուջետային միջոցների զգալի մասը բաժին է հասել երկու ընկերության՝ «Դոփինգ սփեյս»-ին և «Ֆակտորի Փրոդաքշն»-ին։ «Հրապարակ» օրաթերթի տվյալներով՝ 2018-2026 թվականներին «Ֆակտորի Փրոդաքշն»-ը պետական տարբեր կառույցների հետ կնքել է 50 պայմանագիր՝ ընդհանուր 5,7 միլիարդ դրամ արժեքով։ Ընկերությանը վստահվել են խոշոր միջոցառումներ, այդ թվում՝ բռնցքամարտի Եվրոպայի 2022 թվականի առաջնության կազմակերպումը, որի համար վճարվել է 750 միլիոն դրամ։
Ընկերության պետական պատվերների ծավալը հատկապես մեծացել է վերջին տարիներին։ Միայն այս տարի վարչապետի աշխատակազմի հետ կնքված պայմանագրի արժեքը կազմել է 1,7 միլիարդ դրամ։ Իսկ Երևանի քաղաքապետարանի հետ 2025 թվականին կնքված չորս պայմանագրերի ընդհանուր արժեքը գերազանցել է 771 միլիոն դրամը։ Հրապարակման համաձայն՝ պայմանագրերի զգալի մասն իրականացվել է մեկ անձից գնումների ընթացակարգով. 2023-2026 թվականներին կնքված 25 պայմանագրից 17-ը մրցույթ չի անցել։
Նման գործելակերպը հարցեր է առաջացնում պետական միջոցների բաշխման թափանցիկության և մրցակցության հավասար պայմանների վերաբերյալ։ Հատկանշական է նաև, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ ընկերության տնօրեն Ռուդիկ Տեր-Գալստյանը պարգևատրվել է «Էրեբունի-Երևան 2800-ամյակի» հուշամեդալով։ Պետական պատվերների կենտրոնացման, առանց մրցույթի կնքված պայմանագրերի և ընկերության ղեկավարի պարգևատրման համադրությունը հանրային վերահսկողության ու պարզաբանումների անհրաժեշտություն է առաջացնում։