ՔՊ-ի իշխանական «ԽԾԲ»-ն․ պաշտոնյաների հարազատները՝ պետական ընկերություններում, միլիոնավոր աշխատավարձերը՝ պետական համակարգի հաշվին

ՔՊ իշխանության օրոք պետական ու պետական մասնակցությամբ ընկերություններում պաշտոնների բաշխումը գնալով ավելի շատ է հիշեցնում կուսակցական կապերի և ընտանեկան ծանոթությունների փակ համակարգ։ Մարզպետների, նախարարների, պատգամավորների ու վարչապետի մերձավորների անունները պարբերաբար հայտնվում են պետական կառույցների, հիմնադրամների և խոշոր ընկերությունների աշխատակիցների ու ղեկավարների ցանկերում։ Իսկ երբ մամուլը փորձում է պարզել՝ ինչ մրցույթով, ինչ չափանիշներով և ինչ մասնագիտական առավելությունների շնորհիվ են այդ մարդիկ ստացել իրենց պաշտոնները, իշխանությունը հաճախ բավարարվում է ընդհանուր հավաստիացումներով։

Վերջին օրինակը Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի ընտանիքի հետ է կապված։ Հոկտեմբերի 22-ին Oragir.am-ը գրել է, որ մարզպետի ամուսինը ևս աշխատում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում» (ԶՊՄԿ) և այնտեղից միլիոնավոր դրամների եկամուտ է ստանում։ Հրապարակման մեջ ուշադրություն է հրավիրվում նաև մի ուշագրավ հանգամանքի վրա․ մարզպետի մշտական բնակության վայրը Հրազդանն է, իսկ ամուսնու նշված աշխատավայրը՝ Քաջարանը։ Վերջինս փաստացի հաճախո՞ւմ է աշխատանքի, և ինչպե՞ս է կազմակերպվում այդպիսի հեռավորության պայմաններում աշխատանքային ու ընտանեկան կյանքը՝ առանձին պարզաբանման կարիք ունի։

ՔՊ-ն իշխանության եկավ արտոնությունների, հին համակարգի արատների և «թալանի» դեմ պայքարի խոստումներով։ Տարիներ անց այդ խոստումների փոխարեն տեսնում ենք մի իշխանություն, որի ներկայացուցիչների ընտանիքների զբաղվածության, եկամուտների և պետական համակարգում ունեցած դիրքերի մասին պարբերաբար նոր հրապարակումներ են հայտնվում։ Հին բարքերի դեմ պայքարի մասին բարձրագոչ հայտարարությունները չեն վերացնում պարզ պարտավորությունը՝ բացատրել, թե ինչու են իշխանական շրջանակներին մոտ կանգնած անձինք այդքան հաճախ հայտնվում ազդեցիկ պաշտոններում ու խոշոր կազմակերպություններում։

Ամենաաղմկահարույց օրինակներից մեկը «Հայփոստն» է։ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կինը՝ Շուշան Ալեքսանյանը, 2024 թվականի նոյեմբերին նշանակվել է ընկերության գործադիր տնօրեն։ «Ազատության» 2026 թվականի հուլիսի 31-ի հրապարակման համաձայն՝ նրա տարեկան վարձատրությունը գերազանցել է 118 հազար դոլարը, իսկ ամսական հաշվարկով կազմել է ավելի քան 3,6 միլիոն դրամ։

Խոսքը պետական ընկերության ղեկավարի աշխատավարձի մասին է։ Հետևաբար այստեղ հասարակական վերահսկողությունը ոչ միայն բնական է, այլև պարտադիր։ Սակայն «Ազատության» հարցումներին ի պատասխան՝ «Հայփոստն» ու նախարարությունը չեն ներկայացրել մրցույթի ամբողջական փաստաթղթերը, թեկնածուների վերաբերյալ տվյալները և աշխատավարձի չափի ձևավորման հստակ հիմնավորումը։ Նախարարությունից հայտնել են, որ աշխատավարձի հաշվարկման առանձին բանաձև կամ չափորոշիչներ չկան։

Կոնջորյանը հայտարարել է, որ կինը հինգ տարի աշխատել է «Հայփոստում», մասնակցել է մրցույթին, իսկ ինքը որևէ միջամտություն չի արել։ Այդ պարզաբանումը, սակայն, չի փոխարինում փաստաթղթերին։ Պետական ընկերության ղեկավարի ընտրության չափանիշները պետք է տեսանելի լինեն, հատկապես այն դեպքում, երբ ընտրված թեկնածուն իշխող խմբակցության ղեկավարի կինն է։ Իշխանությունը չի կարող միաժամանակ պահանջել վստահություն և հրաժարվել այնպիսի տեղեկություններ ներկայացնելուց, որոնց հրապարակումը կփարատեր կասկածները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների բիզնես գործունեությունն էլ առանձին ուսումնասիրության առարկա է դարձել։ FIP.am-ը 2022 թվականի հունիսին հրապարակել էր, որ Փաշինյանի եղբայրը՝ Արմեն Փաշինյանը, մեկ տարվա ընթացքում դարձել է չորս ընկերության տնօրեն։ Խոսքը «Գո Թրեյդ», «Մինա-Մայա», «Արգիշտի-2» և «Միթ Ագրո» ընկերությունների մասին էր։ Դրանց գործունեության ոլորտները տարբեր էին՝ գյուղտեխնիկայի վարձակալությունից մինչև էլեկտրաէներգիայի արտադրություն և մսի առևտուր։

Փաշինյանը պնդել էր, որ եղբայրը փաստացի ղեկավարել է մեկ ընկերությունների խումբ։ FIP.am-ի փաստերի ստուգմամբ՝ այդ պնդումը մանիպուլյատիվ էր, քանի որ ընկերություններից միայն երկուսն էին փոխկապակցված գործունեության ոլորտով։ Այս պատմությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե որքան կարևոր է պաշտոնական բացատրությունները համադրել պետական ռեգիստրի տվյալների և ընկերությունների իրական գործունեության հետ։

2025 թվականին ուշադրության կենտրոնում հայտնվեց նաև արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը, որը նշանակվեց «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի տնօրեն։ Հիմնադրամը զբաղվում է ներդրումների ներգրավմամբ և ներդրումային ծրագրերի աջակցությամբ։ Միաժամանակ Միրզոյանն այդ կառույցի հոգաբարձուների խորհրդի անդամ է։

Իշխանության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ եղել են բազմաթիվ թեկնածուներ, անցկացվել են մրցույթ և հարցազրույցներ, իսկ ընտրությունը կատարվել է օբյեկտիվ չափանիշներով։ Բայց նման հայտարարությունները դեռ չեն բացահայտում մրցույթի բովանդակությունը։ Ովքե՞ր էին մյուս թեկնածուները, ի՞նչ մասնագիտական առավելություններ ուներ ընտրված անձը, ինչպե՞ս է գնահատվել նրա աշխատանքային փորձը։ Նախարարի և հիմնադրամի կառավարման մարմնի անդամի ընտանեկան կապը նշանակման նկատմամբ վերահսկողության պահանջն ավելի է մեծացնում։

Նույն պատկերն է նկատվում նաև մշակույթի ոլորտում։ ՔՊ պատգամավոր Սոնա Ղազարյանի ամուսինը՝ Դավիթ Բանուչյանը, 2024 թվականի հուլիսին նշանակվել է Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար։ Նշանակումը հաստատված է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական հաղորդագրությամբ։ Հետագայում մամուլն անդրադարձել է նաև հիմնադրամի կողմից Բանուչյանին տրամադրված դրամաշնորհներին։

Այստեղ անհրաժեշտ է ուսումնասիրել ոչ միայն նշանակման հիմքերը, այլև դրամաշնորհների տրամադրման ընթացակարգը, հանձնաժողովների կազմը, որոշումների հիմնավորումները և շահառուների ընտրության չափանիշները։ Պետական հիմնադրամը չի կարող գործել որպես փակ ակումբ, որի որոշումների շուրջ առաջացած կասկածներին պատասխանում են միայն պաշտոնական հաղորդագրություններով։

ՔՊ պատգամավորների ընտանիքների անդամների նշանակումները միայն ղեկավար պաշտոններով չեն սահմանափակվում։ «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակման համաձայն՝ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի ամուսինը՝ Դավիթ Կարապետյանը, 2021 թվականին աշխատանքի է անցել ԱԳՆ-ում՝ որպես նախարարի խորհրդական։ Ավելի ուշ հրապարակված հայտարարագրի տվյալներով՝ նրա՝ ԱԳՆ-ից ստացած տարեկան աշխատավարձը կազմել է շուրջ 7,643 միլիոն դրամ։

Մեկ այլ հրապարակման համաձայն՝ ՔՊ պատգամավոր Էմմա Պալյանի ամուսինը՝ Ալբերտ Մարտիրոսյանը, աշխատել է որպես նրա օգնական, իսկ եղբայրը՝ Հայկ Պալյանը, եղել է ՔՊ պատգամավոր Կարեն Սարուխանյանի օգնականը։ Այս տեղեկությունները ևս վերաբերում են պետական համակարգում աշխատանքի տեղավորման այնպիսի դեպքերի, որոնց շուրջ իշխանությունը պարտավոր է ներկայացնել մասնագիտական ընտրության չափանիշները։

Իսկ պետական գնումների և իշխանական պաշտոնյաների ընտանիքների բիզնես շահերի հատման դեպքերն ավելի լուրջ ուսումնասիրության կարիք ունեն։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի կնոջը պատկանող «Մոդուլ» ՍՊԸ-ի վերաբերյալ Yerkir.am-ը 2026 թվականի մարտին գրել էր, որ ընկերությունը 2020-2024 թվականներին կնքել է 51 պետական պայմանագիր՝ շուրջ 2,5 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով։ Նույն հրապարակման համաձայն՝ Վարդանյանի կինը՝ Նարինե Հակոբյանը, նախկինում եղել է ընկերության սեփականատերն ու տնօրենը, իսկ 2024 թվականի հուլիսին տնօրենի պաշտոնում նշանակվել է այլ անձ։

Այս տվյալները բավարար հիմք են՝ պայմանագրերի մրցութային ընթացքը, պատվիրատուներին, ընկերության հաղթած մրցույթների պայմանները և այն ժամանակահատվածը ուսումնասիրելու։

Պետական պաշտոնը ընտանեկան բարեկեցության ապահովման միջոց չէ, իսկ պետական ընկերությունը՝ իշխանական շրջապատի աշխատատեղերի պահուստ։ ՔՊ-ն կարող է շարունակել իրեն ներկայացնել որպես հին համակարգի հակառակորդ, բայց այդ կարգախոսը ոչինչ չարժե, երբ սեփական շրջապատի նշանակումների շուրջ հասարակական վերահսկողությունը փոխարինվում է ինքնարդարացումներով։ Իշխանությունը պետք է հրապարակայնացնի մրցույթների փաստաթղթերը, թեկնածուների գնահատման չափանիշները, աշխատավարձերի հիմնավորումները և պետական պայմանագրերի ամբողջական տվյալները։ Հակառակ դեպքում «թափանցիկության» մասին նրա խոստումները կմնան հերթական փաշինյանական ստերը, որի հետևում շարունակվում է նույն արտոնյալ համակարգը։

Լենա Նազարյանի ամուսինը Թեղուտի հանքում պաշտոն է ստացել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանական նախկին պատգամավորների համար աշխատանք գտնելու հարցը, կարծես, խնդիր չէ։ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Նարեկ Բաբայանը նոր պաշտոն է ստացել։

Կարդալ ավելին

«Oragir.am». Աջափնյակի փոխթաղապետի հայտարարագրից 20 միլիոն դրամի ոսկյա զարդերն անհետացել են

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Նարեկ Իսրայելյանի 2025 թվականի գույքի և եկամուտների հայտարարագրում ուշագրավ անհամապատասխանություն է արձանագրվել։

Կարդալ ավելին

«Գոլդ» համարանիշներից՝ դեպի «գոլդ» կերակրատաշտ. ՀՀ ՆԳՆ-ին 6,5 միլիարդ դրամ են հատկացրել բյուջետային միջոցները «յուրացնելու» համար

«Գոլդ» համարանիշներ, «գոլդ» ծրագրեր, «գոլդ» կերակրատաշտեր՝ չինովնիկական ապարատի համար։ Իսկ այն քաղաքացիներին, որոնց բարօրությամբ, իբր, պետք է մտահոգված լինի պետությունը, այս թանկարժեք՝ «արդյունավետ կառավարում» անվանումը կրող ներկայացման մեջ ավելի ու ավելի հաճախ վերապահվում է ընդամենը լուռ վիճակագրի դերը։

Կարդալ ավելին

Մեկ տարում՝ 24 մահվան դեպք. ի՞նչ է կատարվում Հայաստանի բանտերում ու կալանավայրերում

46-ամյա Արսեն Գևորգյանի մահը, որը տեղի ունեցավ նոյեմբերի 10-ին՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, հերթական անգամ ուշադրություն է հրավիրում անազատության մեջ գտնվող մարդկանց կյանքի ու առողջության պահպանման խնդրին։ Հոկտեմբերի 21-ից կալանքի տակ գտնվող Գևորգյանի ինքնազգացողությունը, ըստ Քրեակատարողական ծառայության, հանկարծակի վատացել է։ Ծառայությունը հայտնել է, որ մինչ այդ նա առողջական գանգատներ չի ներկայացրել, իսկ ժամանած շտապօգնության բժիշկներն արձանագրել են նրա մահը։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի փոխանցմամբ՝ գրանցվել է սրտի կանգ։ Մահվան ստույգ պատճառը պետք է պարզի դատաբժշկական փորձաքննությունը։

Կարդալ ավելին

«Հրապարակ». Ավինյանը փողոցներում ծխախոտի մնացորդներ է հավաքում, իսկ նրա քաղաքապետարանը՝ փոքր բիզնեսի փողերը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մայրաքաղաքում մաքրության ու կարգուկանոնի հաստատման բավական ինքնատիպ պատկերացում ունի։ Ինքը պարբերաբար կոմունալ ծառայության աշխատակցի համազգեստով դուրս է գալիս փողոց, հոգատար քաղաքի ղեկավարի դեր ստանձնում, ծխախոտի մնացորդներ հավաքում ու մասնակցում ցուցադրական մաքրության աշխատանքներին։ Իսկ նրա ղեկավարած քաղաքապետարանը, կարծես թե, քաղաքը «մաքրելու» շատ ավելի արդյունավետ միջոց է գտել՝ փոքր ձեռնարկատերերի գրպանները դատարկելու միջոցով։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև