Factor TV․ 442 մլն դրամ՝ մարզադաշտերի նախագծման համար, 52 մլն եվրո՝ շինարարության կազմակերպման․ Կառավարությունը երկու դեպքում էլ ընտրել է նույն ընկերությանը

2029 թվականին Հայաստանում և Վրաստանում ֆուտբոլի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունն անցկացնելու ծրագրի շրջանակում Հայաստանի կառավարությունը Վանաձորի և Իջևանի համայնքի Գետահովիտ բնակավայրի մարզադաշտերի նախագծման ու շինարարության կազմակերպումը վստահել է սլովակյան «ՎենյուԷրա Հոլդինգ» ընկերությանը։ Երկու մարզադաշտերի նախագծման պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմում է 442 մլն 193 հազար դրամ, իսկ շինարարական աշխատանքների ձեռքբերման կազմակերպման համար ընկերությունը ներկայացրել է ավելի քան 52 մլն եվրոյի նախնական գնային առաջարկ։
Factor TV-ի ուսումնասիրության համաձայն՝ մարզադաշտերի նախագծման և շինարարության կազմակերպման գնումները Կառավարությունը ճանաչել է անհետաձգելի՝ երկու դեպքում էլ կիրառելով «Հրատապ մեկ անձից» ընթացակարգը։ Մինչդեռ մարզադաշտերի կառուցման անհրաժեշտության մասին պաշտոնապես հայտարարվել էր դեռևս 2024 թվականի հունիսին, երբ Հայաստանը և Վրաստանը ներկայացրել էին 2029 թվականի առաջնությունը համատեղ հյուրընկալելու նախաձեռնությունը։
Կառավարության 2026 թվականի հոկտեմբերի 1-ի որոշմամբ նույն «ՎենյուԷրա Հոլդինգ»-ին է վստահվել նաև երկու մարզադաշտերի շինարարական աշխատանքների ձեռքբերման գործընթացի կազմակերպումը։ Ընկերության ներկայացրած նախնական առաջարկը կազմում է 52 մլն 205 հազար 606 եվրո՝ առանց ԱԱՀ-ի, ներմուծման հարկերի և տուրքերի։ Դրանից 22 մլն 550 հազար եվրոն նախատեսված է Վանաձորի մարզադաշտի, 27 մլն 169 հազար 625 եվրոն՝ Գետահովիտի մարզադաշտի համար, ևս 2 մլն 485 հազար 981 եվրոն՝ շինանյութերի հնարավոր թանկացման պահուստի համար։
Կառավարության որոշմամբ ընկերության գործակալական վճարը կարող է կազմել շինարարական աշխատանքների արժեքի մինչև 12%-ը։ Նախատեսված է նաև մինչև 7 մլն 457 հազար 944 եվրոյի կանխավճար տրամադրելու հնարավորություն։ Նշված 52 մլն եվրոն ընկերության նախնական առաջարկն է և դեռևս չի նշանակում, որ այդ գումարը հատկացվել կամ վճարվել է պետական բյուջեից։
Մարզադաշտերի կառուցման մասին հայտնի էր դեռ 2024 թվականին
Դեռևս 2023 թվականի դեկտեմբերի 7-ին Կառավարությունը հաստատել էր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների զարգացման ռազմավարությունը։ Դրանով նախատեսվում էր մինչև 2030 թվականը Հայաստանում կառուցել միջազգային չափանիշներին համապատասխանող երեք մարզադաշտ, որոնցից մեկը՝ ազգային։ Մյուս երկու մարզադաշտերը պետք է կառուցվեին մարզերում։
2024 թվականի հունիսի 6-ին՝ Հայաստանի և Վրաստանի՝ 2029 թվականի առաջնությունը համատեղ անցկացնելու հայտի մասին հայտարարությունից հետո, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մինչև առաջնությունը Հայաստանում պետք է կառուցվեն երեք միջազգային չափանիշներին համապատասխանող մարզադաշտեր։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ հայտնել էր, որ քննարկվում է Վանաձորի գործող մարզադաշտի վերակառուցման և Իջևանում նոր մարզադաշտ կառուցելու հնարավորությունը։
Այսինքն՝ մարզադաշտերի կառուցման անհրաժեշտությունն ու նախատեսվող ժամկետները պետական մակարդակով հայտնի էին ավելի քան երկու տարի առաջ։ Սակայն Վանաձորի մարզադաշտի նախագծման պայմանագիրը կնքվել է միայն 2025 թվականի նոյեմբերի 24-ին, իսկ Գետահովիտի մարզադաշտի նախագծման պայմանագիրը՝ 2026 թվականի հուլիսի 23-ին։
Ավելին, ազգային մարզադաշտի կառուցման ժամկետների վերաբերյալ նույնպես հստակություն չկա։ «Ակադեմիական քաղաքի» զարգացման հայեցակարգով 35 հազար տեղանոց ազգային մարզադաշտի կառուցումը նախատեսված է 2030-2034 թվականների փուլում։ ԿԳՄՍ նախարարությունից Factor TV-ին հայտնել են, որ դրա շինարարական աշխատանքները դեռ չեն մեկնարկել։
Վանաձորի մարզադաշտ․ նախկին վերանորոգումից մինչև նոր ծրագիր
Վանաձորի մարզադաշտի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայության գնումը Կառավարությունը 2025 թվականի օգոստոսի 7-ին ճանաչել էր անհետաձգելի։ Պայմանագիրը կնքվել է նույն թվականի նոյեմբերի 24-ին՝ «ՎենյուԷրա Հոլդինգ»-ի հետ։ Ընկերության առաջարկը կազմել է 593 հազար 40 եվրո, իսկ պայմանագրի դրամային արժեքը՝ 264 մլն 365 հազար 371 դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն։
Նախագծման աշխատանքների համար սահմանվել էր 270 օրացուցային օր։ Դրանք պետք է ավարտվեին 2026 թվականի օգոստոսին, սակայն ժամկետը չի պահպանվել։ ԿԳՄՍ նախարարության փոխանցմամբ՝ նախագծման ժամկետը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 30-ը, իսկ այժմ նախագիծը հանձնման փուլում է։
Պայմանագրում փոփոխվել է նաև վճարման կարգը։ 2026 թվականի օգոստոսի 20-ի համաձայնագրով նախատեսվել է, որ «Աշխատանքային փաստաթղթեր» փուլի արդյունքներն ընդունելուց հետո ընկերությանը կարող է վճարվել պայմանագրի արժեքի ևս 38%-ը՝ մինչև փորձաքննությունների ամբողջական ավարտը։
Հատկանշական է, որ Վանաձորի մարզադաշտն արդեն հիմնանորոգվել էր։ ՀՖՖ-ի միջոցներով աշխատանքները, ըստ համայնքապետարանի սպորտի բաժնի, սկսվել էին 2018 թվականին և ավարտվել 2022-ին։ ՀՖՖ-ի 2018 թվականի պաշտոնական զեկույցում, սակայն, նշվում է, որ աշխատանքները մեկնարկել էին դեռևս 2017 թվականին։ 2023 թվականի օգոստոսին մարզադաշտ այցելած Նիկոլ Փաշինյանին ներկայացվել էին իրականացված հիմնանորոգման աշխատանքները։ Այդ ժամանակ քննարկվում էր նաև լրացուցիչ տրիբունաներ կառուցելու հնարավորությունը։
Այդուհանդերձ, 2025 թվականի օգոստոսի Կառավարության որոշման հիմնավորման մեջ մարզադաշտն արդեն բնութագրվում էր որպես «հին չշահագործվող մարզադաշտ»։
Նոր ծրագրով նախատեսվում է նստատեղերի քանակը 3000-ից հասցնել 11 հազարի՝ մարզադաշտը համապատասխանեցնելով ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի պահանջներին։ Սա ՈՒԵՖԱ-ի սահմանած մարզադաշտերի ամենաբարձր կատեգորիան է։
Գետահովիտի մարզադաշտի համար ձեռք է բերվել 23 հողամաս
Գետահովիտում նոր մարզադաշտ կառուցելու համար պետությունը նախ ձեռք է բերել անհրաժեշտ հողատարածքները։ 2025 թվականի դեկտեմբերի 18-ի որոշմամբ պահուստային ֆոնդից հատկացվել էր 329 մլն 855 հազար դրամ՝ 20 մասնավոր հողամաս գնելու համար։ Դրանց ընդհանուր մակերեսը 6.5971 հեկտար էր։
2026 թվականի հուլիսի 16-ի որոշմամբ նախատեսվել էր ձեռք բերել ևս երեք հողամաս՝ 1.155 հեկտար ընդհանուր մակերեսով։ Սեփականատերերը համաձայնել էին հողերը վաճառել մեկ քառակուսի մետրը 5000 դրամով։ Այդ նպատակով նախատեսվել էր ևս 57 մլն 750 հազար դրամ։
Ընդհանուր առմամբ, պետությունը ձեռք է բերել 23 հողամաս՝ 7.7521 հեկտար մակերեսով, որի համար նախատեսված միջոցները կազմել են 387 մլն 605 հազար դրամ։
Գետահովիտի մարզադաշտի նախագծման պայմանագիրը «ՎենյուԷրա Հոլդինգ»-ի հետ կնքվել է 2026 թվականի հուլիսի 23-ին՝ 177 մլն 828 հազար դրամ արժեքով՝ ներառյալ ԱԱՀ-ն։ Նախագծման համար սահմանվել է 180 օրացուցային օր։
Ինչո՞ւ է Կառավարությունն ընտրել մեկ անձից գնումը
Factor TV-ի ուսումնասիրության համաձայն՝ երկու մարզադաշտերի նախագծման գնումներն էլ կազմակերպվել են «Հրատապ մեկ անձից» ընթացակարգով։ Նույն մոտեցումն ընտրվել է նաև շինարարական աշխատանքների ձեռքբերման գործընթացի կազմակերպման համար։
«Գնումների մասին» օրենքը մեկ անձից գնում թույլ է տալիս արտակարգ կամ չնախատեսված իրավիճակներում, երբ առաջացել է անհետաձգելի պահանջ, իսկ այլ ընթացակարգերի կիրառումը ժամկետների առումով անհնար է։ Միաժամանակ օրենքը հնարավորություն է տալիս որոշ պայմաններում կազմակերպել նաև կրճատված՝ առնվազն 10-օրյա ժամկետով բաց մրցույթ։
Պետական գնումների փորձագետ Արտակ Քյուրումյանի գնահատմամբ՝ տվյալ դեպքում մրցույթ կազմակերպելու համար ժամանակը բավարար էր։ Նրա խոսքով՝ մեկ անձից գնումը զրկում է պատվիրատուին մի քանի ընկերությունների գնային առաջարկները համեմատելու հնարավորությունից։
«Երբ մրցույթ ես կազմակերպում, տարբեր գնային առաջարկներ ես ունենում և պատկերացնում ես՝ ինչի մասին է խոսքը։ Այս դեպքում տարբեր գնային առաջարկներ չես ունենում։ Մի գնի վերաբերյալ լավագույն դեպքում կարող ես բանակցել»,- նշել է Քյուրումյանը։
Կառավարության 2026 թվականի հոկտեմբերի 1-ի որոշմամբ նախատեսվել է նաև, որ մարզադաշտերի որոշ գնումների հրավերներում նշվի՝ գործընթացը կազմակերպվում է հանրային շահի ապահովման նպատակով։ Սա հնարավորություն է տալիս, որ գնման գործընթացի վերաբերյալ բողոքարկումները չկասեցնեն դրա ընթացքը։
Ի՞նչ փորձ ունի ընտրված ընկերությունը
«ՎենյուԷրա Հոլդինգ»-ը Կառավարության որոշման հիմնավորման մեջ ներկայացվել է որպես ընկերություն, որի նախագծերի թվում են Բուդապեշտի «Պուշկաշ Արենա»-ն, Սաուդյան Արաբիայի «Քինգ Աբդուլա Սպորտս Սիթի»-ն և Սանկտ Պետերբուրգի «Գազպրոմ Արենա»-ն։
Սակայն Factor TV-ի ուսումնասիրած բաց աղբյուրները չեն հաստատում, որ ընկերությունն ամբողջությամբ նախագծել կամ կառուցել է այդ մարզադաշտերից որևէ մեկը։ Դրանց նախագծման և շինարարության համար պատասխանատու են եղել այլ ընկերություններ։ «ՎենյուԷրա Հոլդինգ»-ը չի հրապարակում նաև, թե կոնկրետ ինչ աշխատանքներ է իրականացրել այդ մարզադաշտերում։
«Գազպրոմ Արենայում» LED էկրանների տեղադրման աշխատանքներ կատարած ColosseoEAS ընկերության նախկին գլխավոր տնօրեն Յան Յենցան այժմ «ՎենյուԷրա Հոլդինգ»-ի գործադիր տնօրենն է։ Սակայն այս հանգամանքը ինքնին չի հաստատում սլովակյան ընկերության մասնակցությունը մարզադաշտի նախագծման կամ շինարարության աշխատանքներին։
Ընկերությունը գրանցվել է Սլովակիայում 2014 թվականի օգոստոսի 28-ին։ Դրա երեք մասնակիցներն են Մարեկ Ստրեմպեկը՝ 33.36%, Նորբերտ Զատկոն՝ 33.32%, և Պետեր Ստրեմպեկը՝ 33.32% բաժնեմասերով։
Նորբերտ Զատկոն կապված է նաև սլովակյան ENGO ընկերության հետ, որը զբաղվում է սպորտային ենթակառուցվածքների կառուցմամբ և սպասարկմամբ։ Հայաստանում գործում է «ԷՆԳՈ ԱՐՄ» ընկերությունը, որը ներկայացվում է որպես միջազգային ENGO Group-ի դուստր ընկերություն։ Դրա սեփականատերը Նորբերտ Զատկոն է, իսկ գործադիր տնօրենը՝ Հեղինե Սիմոնյանը։
Սիմոնյանը Factor TV-ին հայտնել է, որ «ՎենյուԷրա Հոլդինգ»-ում պաշտոն կամ իրավասություն չունի, սակայն անհրաժեշտության դեպքում աջակցում է ընկերությանը Հայաստանում տեղական շահառուների հետ հաղորդակցության և համակարգման հարցերում։ Նրա խոսքով՝ «ԷՆԳՈ ԱՐՄ»-ի մասնակցությունը մարզադաշտերի շինարարական աշխատանքներին դեռ չի քննարկվել, և ընկերությունն այս պահին ծրագրում ներգրավված չէ։
Factor TV-ն գրավոր հարցում է ուղարկել «ՎենյուԷրա Հոլդինգ»-ին՝ պարզելու համար ընկերության կոնկրետ մասնակցությունը միջազգային մարզադաշտերի նախագծերին։ Հրապարակման պահին պատասխան չէր ստացվել։
Այսպիսով, 2029 թվականի առաջնության նախապատրաստման շրջանակում երկու մարզադաշտերի նախագծման համար արդեն կնքվել են ավելի քան 442 մլն դրամի պայմանագրեր, իսկ շինարարության կազմակերպման համար նույն ընկերությունը ներկայացրել է ավելի քան 52 մլն եվրոյի նախնական առաջարկ։ Գնումների բոլոր հիմնական փուլերում Կառավարությունն ընտրել է հրատապ մեկ անձից ընթացակարգը՝ չնայած մարզադաշտերի կառուցման ծրագրի մասին նախապես հայտարարված լինելուն։ Մնում է պարզել, թե ինչու պետական կառույցները երկու տարուց ավելի ժամանակ չեն օգտագործել մրցակցային գնումներ կազմակերպելու համար, և ինչ հիմքով է նույն ընկերությանը վստահվել նախագծումից մինչև շինարարության կազմակերպման գործընթացը։