Արփինե Հովհաննիսյան․ Բանկերի ղեկավարները տարեկան հարյուրավոր միլիոններ են ստանում, բայց քաղաքացիների ֆինանսական միջոցների պաշտպանության ծախսերի մասին տեղեկություն չեն տրամադրում

Բանկերի ղեկավար կազմի վարձատրությունը Հայաստանում կարող է տարեկան հասնել հարյուրավոր միլիոն դրամների, մինչդեռ քաղաքացիները տեղեկություն չունեն, թե ֆինանսական հաստատություններն ինչ միջոցներ են հատկացնում իրենց գումարները զեղծարարներից պաշտպանելու համար։ Այս խնդիրը բարձրաձայնել է փաստաբան, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով Հայաստանի 18 բանկերին ուղղված իր հարցումների պատասխանները։
Նրա խոսքով՝ բանկերին դիմել էր՝ խնդրելով տրամադրել տարեկան կտրվածքով թվային տվյալներ այն գումարների վերաբերյալ, որոնք ծախսվում են հաճախորդների ֆինանսական միջոցների պաշտպանության համակարգերի ներդրման և պահպանման համար։ Սակայն ստացված պատասխանները, Հովհաննիսյանի գնահատմամբ, հիասթափեցնող էին։ Մի շարք բանկեր պահանջված տեղեկությունը համարել են առևտրային գաղտնիք, մյուսները հայտարարել են, թե Տեղեկատվության ազատության մասին օրենքի պահանջներն իրենց վրա չեն տարածվում։ Որոշ բանկեր ընդհանրապես չեն պատասխանել։
Փաստաբանի փոխանցմամբ՝ առանձին ֆինանսական հաստատություններ փորձել են նաև զեղծարարությունների պատասխանատվությունը դնել բացառապես քաղաքացիների վրա՝ պնդելով, որ նման դեպքերում մեղավորը հաճախ հենց հաճախորդն է։
Հովհաննիսյանը մատնանշում է, որ խարդախությունների հետևանքով քաղաքացիները հաճախ հայտնվում են անպաշտպան վիճակում։ Եթե նրանց անունով առանց պատշաճ համաձայնության վարկ է ձևակերպվում, եթե հաշիվներից կարճ ժամանակահատվածում բազմաթիվ գործարքներով գումարներ են կանխիկացվում կամ խարդախները հեռախոսային մանիպուլյացիաների միջոցով մարդկանց դրդում են փոխանցել խոշոր գումարներ, ֆինանսական կորուստների բեռը, նրա գնահատմամբ, հիմնականում մնում է տուժածների ուսերին։ Բանկերի պատասխանատվության հարցը, փաստաբանի համոզմամբ, այդպես էլ մնում է բաց։
Միևնույն ժամանակ, Հովհաննիսյանը ներկայացնում է բանկային ոլորտում ղեկավարների բարձր վարձատրության վերաբերյալ հրապարակային և այլ աղբյուրներից իրեն հասած տվյալներ։ Նրա նշած տեղեկություններով՝ Յունիբանկի խորհրդի նախագահը տարեկան ստանում է շուրջ 380 միլիոն դրամ, իսկ Էկոնոմբանկի խորհրդի նախագահը՝ մոտ 299 միլիոն դրամ։ Նա նաև վկայակոչում է ոչ հրապարակային աղբյուրներից ստացած տեղեկություններ, որոնց համաձայն՝ որոշ բանկերում ղեկավարների ամսական վարձատրությունը կարող է կազմել տասնյակ միլիոնավոր դրամներ։
Մասնավորապես, նրա ներկայացրած տվյալներով՝ Ակբա բանկում այդ թիվը կարող է հասնել 50 միլիոն դրամի, Էկոնոմբանկում՝ 27 միլիոնի, Կոնվերս բանկում՝ 19 միլիոնի, Ամերիաբանկում՝ 23 միլիոնի։ Հովհաննիսյանը շեշտում է, որ այս թվերը տարբեր աղբյուրներից ստացված տեղեկություններ են, մինչդեռ իր հարցումների նպատակը բանկերի կողմից հաճախորդների միջոցների պաշտպանությանն ուղղվող իրական ծախսերը պարզելն էր։
«Ուզում էի տեսնել՝ այն գումարները, որ իրենք իրենց են դուրս գրում, իրենց պարգևատրում, որքանո՞վ են համադրելի մեր փողերի պաշտպանության համար ծախսվող միջոցների հետ»,– նշում է փաստաբանը։
Որպես օրինակ՝ նա հիշեցնում է Մեծ Բրիտանիայի օրենսդրական կարգավորումը, որի համաձայն՝ խարդախությունից տուժած քաղաքացիներին որոշակի պայմաններով բանկերը պարտավոր են փոխհատուցել մինչև 85 հազար ֆունտ ստեռլինգ։ Հովհաննիսյանի խոսքով՝ այդ համակարգի շրջանակում ֆինանսական հաստատությունները զգալի միջոցներ են հատկացնում խարդախությունների կանխարգելմանն ու տուժածների փոխհատուցմանը։
Հայաստանում, մինչդեռ, նույնիսկ պաշտպանությանն ուղղվող ծախսերի վերաբերյալ միասնական պատկեր չկա։ Ըստ Հովհաննիսյանի՝ Կենտրոնական բանկը հայտնել է, որ նման թվային տվյալներ չունի, իսկ Բանկերի միությունն էլ չի կարողացել տրամադրել պահանջված տեղեկատվությունը։
Արփինե Հովհաննիսյանն առաջարկում է Կենտրոնական բանկին հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, որը բանկերի վրա կդնի խարդախություններից տուժած քաղաքացիներին պատճառված ֆինանսական վնասը փոխհատուցելու պարտավորություն։ Նա նաև առաջարկում է պարտադիր դարձնել բանկերի կողմից հաճախորդների միջոցների պաշտպանության համակարգերի վրա կատարվող ծախսերի վերաբերյալ տվյալների հրապարակումը։
Փաստաբանի համոզմամբ՝ քաղաքացիները պետք է իմանան՝ իրենց գումարները վստահված ֆինանսական հաստատություններն ինչ միջոցներ են ձեռնարկում դրանք պաշտպանելու համար, և ով է պատասխանատվություն կրում, երբ այդ պաշտպանությունը ձախողվում է։
Հովհաննիսյանը նաև հայտարարել է, որ առանձին անդրադառնալու է բանկերի և հաճախորդների միջև վեճերի քննության մեխանիզմներին՝ պնդելով, որ որոշ բանկեր ստեղծել են իրենց համար հարմար «գրպանային արբիտրաժներ», որտեղ քաղաքացիները հաճախ հայտնվում են անհավասար պայմաններում։