Մատնահարդարում՝ պետության հաշվին․ որքան է Հայաստանի հարկատուն վճարում Փաշինյանի ընտանիքի կենցաղային հարմարավետության համար

Հայաստանի կառավարական առանձնատների պահպանման համար պետական բյուջեից տարեկան ավելի քան 621 միլիոն դրամ է ծախսվում։ Օրական հաշվարկով դա գերազանցում է 1,7 միլիոն դրամը։ Բայց այդ գումարը միայն առանձնատների պահպանության, անվտանգության, կոմունալ վճարների ու հարակից տարածքի խնամքի համար չէ։ Ինչպես պարզել է «Հրապարակը», «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի միջոցով հոգացվում են նաև բարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքների անձնական կարիքները։ Ընդհուպ մինչև վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ ու դուստրերի մատնահարդարման և ոտնահարդարման ծախսերը։

Պետական միջոցների այս հոսքը տարեցտարի ավելանում է։ 2023 թվականին կառավարական առանձնատների պահպանման համար հատկացվել է շուրջ 542 միլիոն դրամ, 2024-ին՝ արդեն 603 միլիոն։ 2026 թվականի բյուջեով նախատեսված գումարը հասել է 621 միլիոն 340 հազար 100 դրամի՝ նախորդ տարվա համեմատ ավելանալով ևս 18 միլիոն դրամով։ Ստացվում է, որ այս կառույցի վրա օրական ծախսվում է ավելի քան 1,7 միլիոն դրամ կամ շուրջ 5 հազար դոլար։

Այս գումարով սպասարկվում են չորս բարձրաստիճան պաշտոնյաներ և նրանց ընտանիքները՝ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Ռուբեն Ռուբինյանն ու Սուրեն Պապիկյանը։ ՊՈԱԿ-ը պատասխանատու է Երևանի Կոնդ թաղամասում գտնվող կառավարական առանձնատների, դրանց հարակից տարածքի, կոմունալ սպասարկման, անվտանգության և տեխնիկական պահպանության համար։ Մինչև այստեղ ամեն ինչ հասկանալի է․ պետությունը միջոցներ է հատկացնում երկրի բարձրագույն պաշտոնյաների աշխատանքային պայմաններն ապահովելու համար։ Բայց «Հրապարակի» ներկայացրած տեղեկությունները ցույց են տալիս, որ այդ հոգածությունը դուրս է եկել ծառայողական անհրաժեշտության սահմաններից։

ՊՈԱԿ-ի միջոցով, ըստ թերթի, վճարվում են նաև ընտանիքների առօրյա ծախսերը՝ սննդամթերքից ու զուգարանի թղթից մինչև կենցաղային պարագաներ և գեղեցկության սրահների ծառայություններ։ Հատկապես ուշագրավ է վարչապետի ընտանիքի կանանց այցելած գեղեցկության սրահի պատմությունը։ «Հրապարակը» դեռ ավելի վաղ էր գրել, որ սրահի ծառայությունների դիմաց վճարում է «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ը։ Ավելի ուշ կառավարության աշխատակազմը գրավոր պատասխանով հաստատել է այդ տեղեկությունը։

Պաշտոնական բացատրությունն ավելի շատ նոր հարցեր է առաջացնում, քան փարատում եղածները։ Պարզվում է՝ յուրաքանչյուր ամսվա վերջին Նիկոլ Փաշինյանն իր աշխատավարձից որոշակի գումար է փոխանցում ՊՈԱԿ-ի հաշվեհամարին, իսկ սրահի հաշիվներն արդեն վճարում է պետական կազմակերպությունը։ Այսինքն՝ վարչապետը սեփական ընտանիքի անձնական ծախսերի համար անմիջապես չի վճարում ծառայություն մատուցողին, այլ այդ գործը կազմակերպում է պետական կառույցի միջոցով։ Ինչո՞ւ է անհրաժեշտ այս միջնորդությունը, ինչպե՞ս են հաշվարկվում փոխանցվող գումարները, ո՞վ է ստուգում վճարումների հիմնավորվածությունը՝ կառավարության աշխատակազմի պատասխանում այդ մասին ոչինչ չկա։

«Հրապարակը» փորձել է պարզել նաև, թե որքան արժե վարչապետի ընտանիքի նախընտրած սրահի ծառայություններից օգտվելը։ Պարզվել է, որ այն Երևանի ամենաթանկ սրահներից է։ Գելային ծածկույթով մատնահարդարումն արժե առնվազն 13 հազար դրամ, իսկ KART մասնագիտական կոսմետիկայի կիրառմամբ ոտնահարդարումը՝ 20 հազար դրամից սկսած։ Հաճախորդներին սպասարկում են VIP սրահում, որի այցը պետք է ամրագրել առնվազն երկու օր առաջ։ Անկանխիկ վճարումն էլ հնարավոր է, բայց դրա մասին հարկավոր է նախապես զգուշացնել, որպեսզի հաշվապահը համապատասխան հաշիվ պատրաստի։ Գումարը փոխանցելուց հետո հաճախորդը կարող է ներկայանալ սպասարկման։

Թերթի մոտավոր հաշվարկով՝ եթե վարչապետի երեք դուստրերն ու կինը ամսական երկու-երեք անգամ օգտվեն սրահի ծառայություններից, միայն մատնահարդարման և ոտնահարդարման ծախսերը կարող են ամսական գրեթե հազար դոլարի հասնել։

Այս պատմության ամենահեգնական կողմն այն է, որ Նիկոլ Փաշինյանը ժամանակին իշխանության էր եկել՝ խոստանալով վերջ տալ նախկինների արտոնյալ կյանքին։ Հիմա պարզվում է՝ այդ պայքարի արդյունքում պարզապես փոխվել են արտոնություններից օգտվողները։ Աննա Հակոբյանն ու վարչապետի դուստրերը գեղեցկության խնամքի համար անհանգստանալու կարիք չունեն․ պետական ՊՈԱԿ-ը, հաշվապահությունն ու վճարումների ամբողջ մեխանիզմն արդեն գործում են։ Ահա թե ինչ է ստացվել «թավշյա հեղափոխականների» պատկերացրած արտոնությունների դեմ պայքարից։ Պետության հաշվին ապրելու գայթակղությանը, պարզվում է, իրենք էլ չկարողացան դիմանալ։

Լենա Նազարյանի ամուսինը Թեղուտի հանքում պաշտոն է ստացել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանական նախկին պատգամավորների համար աշխատանք գտնելու հարցը, կարծես, խնդիր չէ։ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Նարեկ Բաբայանը նոր պաշտոն է ստացել։

Կարդալ ավելին

«Oragir.am». Աջափնյակի փոխթաղապետի հայտարարագրից 20 միլիոն դրամի ոսկյա զարդերն անհետացել են

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Նարեկ Իսրայելյանի 2025 թվականի գույքի և եկամուտների հայտարարագրում ուշագրավ անհամապատասխանություն է արձանագրվել։

Կարդալ ավելին

«Գոլդ» համարանիշներից՝ դեպի «գոլդ» կերակրատաշտ. ՀՀ ՆԳՆ-ին 6,5 միլիարդ դրամ են հատկացրել բյուջետային միջոցները «յուրացնելու» համար

«Գոլդ» համարանիշներ, «գոլդ» ծրագրեր, «գոլդ» կերակրատաշտեր՝ չինովնիկական ապարատի համար։ Իսկ այն քաղաքացիներին, որոնց բարօրությամբ, իբր, պետք է մտահոգված լինի պետությունը, այս թանկարժեք՝ «արդյունավետ կառավարում» անվանումը կրող ներկայացման մեջ ավելի ու ավելի հաճախ վերապահվում է ընդամենը լուռ վիճակագրի դերը։

Կարդալ ավելին

Մեկ տարում՝ 24 մահվան դեպք. ի՞նչ է կատարվում Հայաստանի բանտերում ու կալանավայրերում

46-ամյա Արսեն Գևորգյանի մահը, որը տեղի ունեցավ նոյեմբերի 10-ին՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, հերթական անգամ ուշադրություն է հրավիրում անազատության մեջ գտնվող մարդկանց կյանքի ու առողջության պահպանման խնդրին։ Հոկտեմբերի 21-ից կալանքի տակ գտնվող Գևորգյանի ինքնազգացողությունը, ըստ Քրեակատարողական ծառայության, հանկարծակի վատացել է։ Ծառայությունը հայտնել է, որ մինչ այդ նա առողջական գանգատներ չի ներկայացրել, իսկ ժամանած շտապօգնության բժիշկներն արձանագրել են նրա մահը։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի փոխանցմամբ՝ գրանցվել է սրտի կանգ։ Մահվան ստույգ պատճառը պետք է պարզի դատաբժշկական փորձաքննությունը։

Կարդալ ավելին

«Հրապարակ». Ավինյանը փողոցներում ծխախոտի մնացորդներ է հավաքում, իսկ նրա քաղաքապետարանը՝ փոքր բիզնեսի փողերը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մայրաքաղաքում մաքրության ու կարգուկանոնի հաստատման բավական ինքնատիպ պատկերացում ունի։ Ինքը պարբերաբար կոմունալ ծառայության աշխատակցի համազգեստով դուրս է գալիս փողոց, հոգատար քաղաքի ղեկավարի դեր ստանձնում, ծխախոտի մնացորդներ հավաքում ու մասնակցում ցուցադրական մաքրության աշխատանքներին։ Իսկ նրա ղեկավարած քաղաքապետարանը, կարծես թե, քաղաքը «մաքրելու» շատ ավելի արդյունավետ միջոց է գտել՝ փոքր ձեռնարկատերերի գրպանները դատարկելու միջոցով։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև