Սահմանադրական կարգի տապալումը Հայաստանում. ինչպես Փաշինյանի իշխանությունը յուրացրեց դատական և օրենսդիր իշխանությունները

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը պետական իշխանության իրականացման հիմքում դնում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման և հավասարակշռման սկզբունքը։ Սահմանադրության 5-րդ հոդվածը հենց այդպես է ձևակերպում իշխանության կառուցվածքը, իսկ 162-րդ հոդվածը սահմանում է, որ արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները, և արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն արգելվում է։

Սակայն 2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» ութ տարի անց Հայաստանը կանգնած է մի իրողության առաջ, երբ Սահմանադրության 5-րդ հոդվածով ամրագրված իշխանությունների տարանջատման սկզբունքը աստիճանաբար դարձել է ձևականություն, իսկ իրական իշխանության կենտրոնը տեղափոխվել է վարչապետի և նրան անվերապահորեն աջակցող խորհրդարանական մեծամասնության շուրջ։ Այս գործընթացը չի սահմանափակվել քաղաքական դեկլարացիաներով. այն ունեցել է հստակ ինստիտուցիոնալ արտահայտություն՝ դատարանների շրջափակումից մինչև Սահմանադրական դատարանի վերաձևավորում, դատավորների նկատմամբ կարգապահական մեխանիզմների ընդլայնումից մինչև ընդդիմության խորհրդարանական վերահսկողական լծակների սիստեմատիկ սահմանափակում։

Դատական համակարգի յուրացումը. սկիզբը դրվեց 2019 թվականին

2018 թվականի արտահերթ ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքը ստացավ 132 մանդատից 88-ը՝ սահմանադրական մեծամասնություն։ Այդ հանգամանքը իշխանությանը հնարավորություն էր տալիս առանց ընդդիմության համաձայնության իրականացնել նաև սահմանադրական բնույթի լայն փոփոխություններ։ Վենետիկի հանձնաժողովը հետագայում արձանագրել է այդ քաղաքական իրողությունը՝ նշելով, որ նոր կառավարությունը խորհրդարանում ուներ սահմանադրական մեծամասնություն։

Սակայն իշխանության համար ամենաբարդ խնդիրը դատական համակարգն էր։

2019 թվականի ապրիլին Փաշինյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայտարարում էր, որ հեղափոխությունը տեղի է ունեցել քաղաքական համակարգում, բայց՝ «հեղափոխություն դատական համակարգում տեղի չի ունեցել»։ Միաժամանակ նա պնդում էր, որ կառավարությունը հրաժարվել է նախկինում գոյություն ունեցած դատական համակարգի ուղղորդման պրակտիկայից և նպատակ ունի ապահովել անկախ դատարան։

2019 թվականի մայիսի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում կոչ արեց քաղաքացիներին հաջորդ առավոտյան ժամը 08:30-ից շրջափակել հանրապետության բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը՝ թույլ չտալով դատավորներին և աշխատակիցներին մուտք գործել շենքեր։ Կոչը հնչեց այն բանից հետո, երբ դատարանը փոխեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը։ Հաջորդ օրը Փաշինյանը հայտարարեց, որ «Հայաստանում անկախ դատական համակարգ ունենալու գործընթացը սկսված է և այլևս անշրջելի»։

Փաշինյանի հաջորդ օրվա ելույթում արդեն խոսվում էր անցումային արդարադատության, անհրաժեշտության դեպքում Սահմանադրության փոփոխության և դատական համակարգի վերափոխման մասին։ Միևնույն ժամանակ վարչապետը հայտարարում էր, որ ցանկանում է ոչ թե «խամաճիկային», այլ անկախ դատական համակարգ։

Այս հակասությունն է հետագա գործընթացների հիմնական հանգույցը. իշխանությունը հայտարարում էր դատական անկախության մասին, մինչդեռ ընդդիմախոսները նույն գործընթացները մեկնաբանում էին որպես դատարանների նկատմամբ քաղաքական վերահսկողության հաստատման փորձ։

2019 թվականի հուլիսին մի շարք քաղաքական ուժեր հրապարակայնորեն հայտարարեցին, որ իշխանության գործողությունները կարող են հանգեցնել դատական իշխանության «լիակատար յուրացմանը»։ Այդ հայտարարության մեջ առանձնացվում էին դատարանների շրջափակումը, դատավորների վրա ճնշման հարցը, ԲԴԽ-ի նկատմամբ ազդեցությունը և Սահմանադրական դատարանի կազմի փոփոխության գործընթացը։

Այս իրադարձությունը Եվրոպայի խորհրդի 2022 թվականի զեկույցում գնահատվել է որպես կառավարության և դատական համակարգի հարաբերությունների լուրջ ճգնաժամի սկիզբ։ Դատարանների շրջափակումը ոչ միայն վարչապետի կողմից ուղղակի ճնշում էր դատական իշխանության վրա, այլև ստեղծեց նախադեպ, որի հիման վրա հետագա տարիներին կառուցվեց դատական համակարգի նկատմամբ քաղաքական վերահսկողության ամբողջական մեխանիզմ։

Սահմանադրական դատարանի վերաձևավորումը. իշխանության հակակշիռի վերացում

2019–2020 թվականներին հակամարտությունը տեղափոխվեց Սահմանադրական դատարան։

2020 թվականի հունիսի 22-ին Ազգային ժողովն արտահերթ նիստում ընդունեց սահմանադրական փոփոխություններ, որոնք դադարեցրին Սահմանադրական դատարանի երեք դատավորների լիազորությունները և իջեցրին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի կարգավիճակը՝ նրան թողնելով դատարանի կազմում, սակայն առանց նախագահի լիազորությունների։ Սահմանադրական դատարանի 2021 թվականի որոշման մեջ արձանագրվել է, որ «2020 թվականի Սահմանադրության փոփոխություններն իրականացվել են հրատապ կարգով, դրանցով դադարեցվել են Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի մեկ երրորդի լիազորությունները»։ Որոշման մեջ հատկապես ընդգծվում է, որ «Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանի պաշտոնավարման 12 տարին չէր լրացել անգամ համաձայն 2020 թվականի սահմանադրական փոփոխությունների, ինչն արձանագրվել է նաև Վենետիկի հանձնաժողովի կողմից, սակայն նրա լիազորությունները ևս դադարեցվեցին»։

Վենետիկի հանձնաժողովը 2020 թվականի հունիսի 22-ի իր եզրակացության մեջ նախազգուշացրել էր դատավորների անփոփոխելիության սկզբունքի խախտման և Սահմանադրական դատարանի անկախությանը սպառնացող վտանգի մասին։ Հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն հունիսի 26-ին ՍԴ նախագահին ուղղված նամակում նշել էր, որ փոփոխությունները «չեն համապատասխանում Վենետիկի հանձնաժողովի հստակ հանձնարարականներին» և կոչ էր արել «հարգել Սահմանադրությունը»։

Սահմանադրական դատարանի որոշման մեջ նաև արձանագրվել է, որ «Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնավարման հարցում ընտրվեց նրա պաշտոնավարումն անհապաղ դադարեցնելու կարգավորումը, այլ ոչ թե՝ նրա լիազորությունների ժամկետը կրճատելու, ինչը փաստում է գործադիր և օրենսդիր իշխանության մարմինների քաղաքական նպատակադրումները»։

Այստեղ կարևոր է դիմել ոչ թե միայն հայկական մամուլին, այլ հենց Վենետիկի հանձնաժողովի փաստաթղթերին։

Վենետիկի հանձնաժողովը 2020 թվականի հունիսի 19-ի կարծիքում քննարկում էր ՍԴ դատավորների լիազորությունների վերաբերյալ առաջարկվող սահմանադրական փոփոխությունները։

Իսկ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հետագա զեկույցը արձանագրեց, որ 2020 թվականի հունիսի 22-ին ԱԺ-ն չեղարկեց հանրաքվեի անցկացումը և միաժամանակ փոփոխեց անցումային դրույթները՝ երեք ՍԴ դատավորների լիազորությունները դադարեցնելու և ՍԴ նախագահի պաշտոնավարումը դադարեցնելու համար։ Սեպտեմբերին խորհրդարանը ընտրեց երեք նոր անդամի։

Այս դրվագն առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ խոսքը սովորական դատական նշանակումների մասին չէր. փոխվում էր այն մարմնի կազմը, որը պետք է վերահսկեր նաև օրենսդիր և գործադիր իշխանության սահմանադրականության հարցերը։

Այսպիսով՝ Սահմանադրական դատարանը, որը պետք է հանդիսանար իշխանության երեք ճյուղերի սահմանադրականության վերահսկող մարմին, 2020 թվականին վերաձևավորվեց գործող քաղաքական մեծամասնության անմիջական ազդեցության ներքո։

Նիկոլ Փաշինյանը իր կողմից Սահմանադրական դատարանի գործադիր իշխանությանը ենթարկելու անհերքելի փաստը քողարկելու նպատակով դիմեց խորամանկ քայլի։

Գործադիր իշխանության կողմից Սահմանադրական դատարանի նկատմամբ վերահսկողության հաստատման մեղադրանքը չեզոքացնելու, ավելի ճիշտ՝ քողարկելու նպատակով Նիկոլ Փաշինյանը գնաց նուրբ քաղաքական հաշվարկի։ 2021 թվականի մարտի 26-ին նոր կազմով ՍԴ-ն Ռոբերտ Քոչարյանի գործի շրջանակում հակասահմանադրական համարեց Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը։ Այդ որոշումը նշանակալի է հատկապես այն առումով, որ այն թույլ չի տալիս ՍԴ-ի՝ իշխանությանը ենթարկված լինելու թեզը դիտարկել որպես միակողմանի ճշմարտություն։ Ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի հայ հասարակությանը հերթական անգամ մոլորեցնող նախաձեռնությանը Եվրոպայի խորհրդի 2022 թվականի զեկույցն առանձնահատուկ ընդգծում է, որ նոր կազմով ՍԴ-ի այս որոշումը կարելի էր մեկնաբանել որպես դատարանի անկախության ապացույց, քանի որ այն կայացվել էր իշխանության համար քաղաքականապես զգայուն հարցի շուրջ։

Դժվար է չնկատել մի տարօրինակ օրինաչափություն. երբ Նիկոլ Փաշինյանը քայլ առ քայլ իրեն էր ենթարկում դատական իշխանությանը, Եվրոպայից եկող արձագանքները հաճախ ավելի շատ նման էին քաղաքական քողարկման, քան իրական դատապարտության։ Այն, ինչ փաստացի հակասահմանադրական միջամտություն էր, ներկայացվում էր որպես «բարեփոխում», իսկ եվրոպական զեկույցները, որոնք արձանագրում էին «ռիսկեր» ու «մտահոգություններ», գործնականում չէին հանգեցնում ոչ մի լուրջ հետևանքի։ Ստեղծվում էր մի վտանգավոր պատրանք. իշխանության յուրացումը դատական համակարգի նկատմամբ դիտվում էր ոչ թե որպես սահմանադրական կարգի տապալում, այլ որպես եվրոպական չափանիշներին համապատասխանող «արդարադատության բարեփոխում»։ Իսկ Եվրոպայի խորհրդի 2022 թվականի զեկույցը այս համատեքստում Սահմանադրական դատարանի անկախության պատրանքն է ստեղծում, ինչը, բնականաբար, իրականությանը չի համապատասխանում։

ԲԴԽ-ն և կարգապահական մեխանիզմները. դատավորներիահաբեկման գործիք

2021 թվականին Բարձրագույն դատական խորհուրդը քննել է 29 կարգապահական վարույթ, որոնցից 18-ը հարուցել էր Արդարադատության նախարարությունը, 4-ը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, իսկ 6-ը՝ Դատավորների ընդհանուր ժողովը։ Սա ինքնին դեռևս չի նշանակում քաղաքական ճնշում, սակայն Հայաստանի Հելսինկյան կոմիտեի 2023 թվականի զեկույցը փաստում է, որ ԲԴԽ-ն, Կարեն Անդրեասյանի ղեկավարությամբ, 2023 թվականին դադարեցրել է 33 դատավորի լիազորություններ, որոնցից 10-ի դեպքում՝ կարգապահական վարույթների արդյունքում։

Զեկույցը հատկապես ընդգծում է, որ մի շարք դատավորների լիազորությունների դադարեցումը փաստացի պայմանավորված էր ԲԴԽ-ի գործելաոճի նկատմամբ նրանց քննադատությամբ։ Դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները դադարեցվեցին այն բանի համար, որ նա Ֆեյսբուքյան գրառմամբ պաշտպանել էր մեկ այլ դատավորի՝ Աննա Փիլոյանին, ում ԲԴԽ-ն հեռացրել էր դատական համակարգից։ Մեկ այլ դատավորի՝ Դավիթ Հարությունյանի լիազորությունները դադարեցվեցին 2023 թվականի հուլիսի 3-ին այն բանից հետո, երբ նա հարցազրույցում կասկած էր հայտնել ԲԴԽ-ի կողմից կես տարվա ընթացքում 20-ից ավելի դատավորների համակարգից հեռացնելու որոշումների անաչառության վերաբերյալ։

Այստեղ առաջանում է համակարգային խնդիրը. ո՞վ է գործարկում այդ կարգապահական վարույթների մեխանիզմը ուղորդում, ո՞վ է որոշում դրա քաղաքականապես զգայուն դեպքերը, և արդյո՞ք դատավորը կարող է վստահ լինել, որ իր որոշումը չի հանգեցնի կարգապահական հետապնդման։

ԲԴԽ-ի կարգապահական վարույթների վերաբերյալ դատական փաստաթղթերում արձանագրվել է, որ «2023 թվականի հուլիսի 3-ից առաջ ազատ խոսքի արտահայտման ենթադրյալ չարաշահման վարույթներ են հարուցվել բազմաթիվ դատավորների վերաբերյալ, որոնք քննվել են ԲԴԽ-ում, տեղի է ունեցել լիազորությունների դադարեցում»։ Նույն փաստաթղթում նշվում է, որ «2023 թվականի հուլիսի 3-ից հետո՝ ավելի քան մեկ տարի որևէ դատավոր արդարադատության նախարարության կամ ԲԴԽ քննադատական ելույթ չի ունեցել, դատական իշխանության անկախության սահմանափակման որևէ հարցի մասին չի բարձրաձայնել»։

2022 թվականին մի խումբ դատավորներ հրապարակային հայտարարությամբ զգուշացնում էին, որ Արդարադատության նախարարի՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորությունը կարող է վտանգել դատավորների ֆունկցիոնալ անձեռնմխելիությունը։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2024 թվականի բանաձևում արձանագրվել է, որ Հայաստանում շարունակում է տարածված լինել այն ընկալումը, թե դատավորների նկատմամբ կարգապահական ընթացակարգերը կարող են օգտագործվել նրանց վախեցնելու կամ նրանց որոշումների վրա ազդելու համար։ ԵԽԽՎ-ն կոչ է արել ապահովել ԲԴԽ-ի քաղաքական չեզոքությունը և վերանայել Արդարադատության նախարարության կարգապահական լիազորությունը։

Միևնույն ժամանակ պետք է արձանագրել հետևյալը. 2024 թվականի դեկտեմբերին ՄԻԵԴ-ը «Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով գտավ, որ տվյալ գործով ԲԴԽ-ն բավարարում էր անկախ դատարանի պահանջներին, և չհաստատեց, որ դրա ոչ դատավոր անդամների նշանակումները քաղաքական ազդեցությամբ էին պայմանավորված։ Այս համատեքստում կրկին պետք է փաստենք, որ եվրոպական կառույցները Նիկոլ Փաշինյանի հակասահմանադրական գործողությունները լեգիտիմացնում են հեղինակավոր կառույցների զեկույցների և որոշումների միջոցով։

2023–2025. դատավորների հեռացումներ և «վեթթինգի» արդյունքը

2023 թվականին դատական համակարգի շուրջ քննադատությունը նոր փուլ մտավ։

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի հրապարակված զեկույցը ապնդում էր, որ 2023-ին ԲԴԽ-ն դադարեցրել է 33 դատավորի լիազորություններ, որոնցից 10-ի դեպքում՝ կարգապահական վարույթների արդյունքում։ Նույն նյութը խնդրահարույց էր համարում նաև ԲԴԽ-ի ոչ դատավոր անդամների ընտրությունը խորհրդարանական մեծամասնության կողմից։

Մյուս կողմից, հենց ԲԴԽ-ի ղեկավարությունը 2023-ի վերջում հայտարարում էր, որ գործող 309 դատավորներից 200-ը նշանակվել են 2018 թվականի հեղափոխությունից հետո։

Այս թիվը քաղաքական առումով կարևոր է։

Եթե 2018-ից հետո նշանակված դատավորների մեծ մասն արդեն ձևավորվել է գործող իշխանության օրոք, ապա իշխանության ազդեցության մասին վեճը այլևս չի սահմանափակվում նախկին դատավորներին փոխարինելու հարցով։ Հարցն այն է, թե նոր համակարգը որքանով է ինստիտուցիոնալորեն անկախ այն քաղաքական իշխանությունից, որի օրոք այդ կադրային վերաձևավորումը տեղի է ունեցել։

2023 թվականին «Հրապարակը» այդ գործընթացը նկարագրում էր առավել կոշտ ձևակերպումներով՝ հրապարակելով նախկին ՔՊ պատգամավոր Արթուր Դավթյանի նշանակումը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահի պաշտոնում։

Օրենսդիր իշխանության յուրացումը. խորհրդարանը՝ որպես գործադիրի կցորդ

2021 թվականի արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացավ 71 մանդատ՝ կրկին ստանալով սահմանադրական մեծամասնություն։ 12 մշտական հանձնաժողովներից 9-ի նախագահները իշխանական մեծամասնության ներկայացուցիչներ էին, 2-ը՝ «Հայաստան» խմբակցության, 1-ը՝ «Պատիվ ունեմ»-ի։

Խնդիրը միայն պաշտոնների թվային բաշխումը չէ։

Խորհրդարանական համակարգում ընդդիմությունը պետք է ունենա գործադիրին վերահսկելու իրական գործիքներ։ Իսկ 2021–2022 թվականներին հենց այդ գործիքների շուրջ առաջացան բազմաթիվ բախումներ։

Օրինակ՝ ընդդիմությունը ներկայացրել էր դատական համակարգի վերաբերյալ քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնություն։ Չնայած հանձնաժողովը ձևավորվել էր իրավունքի ուժով, ԱԺ-ն չհաստատեց դրա անդամների թիվը։

Մեկ այլ դեպքում ընդդիմությունը հայտարարեց, որ իշխանական մեծամասնությունը բազմաթիվ անգամներ ձախողել է պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընդդիմադիր տեղակալի թեկնածուի ընտրությունը։

Այստեղ արդեն առաջանում է օրենսդիր իշխանության ներքին հավասարակշռության հարցը։

Եթե խորհրդարանական մեծամասնությունը ոչ միայն օրենսդրական, այլ նաև քաղաքականորեն ամբողջությամբ համընկնում է կառավարության հետ, ապա խորհրդարանը կարող է դառնալ գործադիր իշխանության վերահսկող մարմնից նրա օրենսդրական հենարանը։

The Armenian Mirror-Spectator-ի 2025 թվականի վերլուծական հոդվածում նշվում է, որ «2018 թվականի օգոստոսից ի վեր Հայաստանի Հանրապետության կառավարությունը համակարգված կերպով վերացնում է սահմանադրական բոլոր զսպումներն ու հակակշիռները»։ Հոդվածում ընդգծվում է, որ «չնայած իշխող կուսակցությունը օրինականորեն տիրապետում է խորհրդարանում ձայների երկու երրորդից ավելիին, դեմոկրատական բանավեճ այլևս չկա, քանի որ ոչ մի հանձնաժողովի նախագահություն չի վերապահվում ընդդիմադիր դաշինքներին»։ Նույն աղբյուրը փաստում է, որ «խորհրդարանից դուրս վարչապետը վերաձևավորել է դատական համակարգը՝ իր գործողությունների ծրագրին համապատասխանեցնելու համար։ Նա ազատել է բոլոր դատավորներին՝ թե՛ դատական համակարգից, թե՛ Սահմանադրական դատարանից, ովքեր չեն կիսում իր քաղաքականությունը կամ չեն ենթարկվում իր ցուցումներին։ Մի խոսքով, անկախ դատական համակարգ այլևս գոյություն չունի»։

2022 թվականի հուլիսի 1-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ հրավիրվեց արտահերթ նիստ, և փակ գաղտնի քվեարկությամբ 66 կողմ ձայնով որոշվեց հետ կանչել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահի պաշտոնից։ Ընդդիմությունը նոր թեկնածու չառաջադրեց։

2026 թվական. նույն մեխանիզմը՝ նոր խորհրդարանում

2026 թվականի հունիսի ընտրություններից հետո ձևավորված խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը այլևս չունի նախկին 2/3 սահմանադրական մեծամասնությունը,

Սա էական փոփոխություն է. գործադիր իշխանությունը շարունակում է ունենալ խորհրդարանական մեծամասնություն, սակայն սահմանադրական համակարգը վերաձևելու համար անհրաժեշտ է ավելի լայն համաձայնություն։

Միևնույն ժամանակ ՔՊ-ն արդեն նոր ԱԺ-ի աշխատանքի առաջին շրջանում նախաձեռնել է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի փոփոխություններ։ Հուլիսի 3-ին ընդունված փոփոխությամբ, մասնավորապես, նախատեսվեց, որ եթե ընդդիմությունը համապատասխան ժամկետում չի առաջադրում ԱԺ նախագահի տեղակալի կամ մշտական հանձնաժողովների նախագահի թեկնածու, խորհրդարանը կարող է անցնել օրակարգի հաջորդ հարցերին։

«Հրապարակը» այդ գործընթացը կապում է ՔՊ-ի՝ խորհրդարանական կանոնների փոփոխման նախորդ փորձերի հետ և հիշեցնում, որ 2021-ից հետո օրենքը փոփոխվել էր այնպես, որ որոշ ընդդիմադիր պաշտոնների առաջադրման իրավունքը անցնում էր ամենամեծ խմբակցությանը։

Այս փոփոխության արդյունքում ԱԺ-ն ընդմիջել է խորհրդարանի ձևավորման գործընթացը՝ մասնավորապես ԱԺ երկու մշտական հանձնաժողովների նախագահներ դեռ ընտրված չեն, և անցել ՀՀ կառավարության ծրագրի քննարկմանը։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան՝ ԱԺ Կանոնակարգի վերականգնման համար։

Այս փոփոխությունը գործնականում զրկում է ընդդիմությանը խորհրդարանական վերահսկողության ամենակարևոր լծակներից մեկից՝ հանձնաժողովների ղեկավարումից։

Գլխավոր դատախազությունը՝ որպես իշխանության պատժիչ մեխանիզմ

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ով նախկինում զբաղեցրել է վարչապետ Փաշինյանի օգնականի պաշտոնը, շարունակում է դիտվել որպես գործադիր իշխանության շահերի սպասարկող։ «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական, ներկայում գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող, բայց վարչապետի օգնականի կարգավիճակից այդպես էլ դուրս չեկած Աննա Վարդապետյանը… ժանդարմի կեցվածքով եկավ խորհրդարան, չպատասխանեց լրագրողների և ոչ մի հարցի ու բերանը խուփ՝ փախուստի դիմեց»։

Սահմանադրական կարգի տապալումը՝ որպես համակարգային գործընթաց

2018-2026 թվականների փաստերի ամբողջությունը թույլ է տալիս արձանագրել, որ Հայաստանում տեղի է ունեցել ոչ թե առանձին ինստիտուցիոնալ բարեփոխումների շղթա, այլ իշխանության կենտրոնացման հետևողական գործընթաց, որի արդյունքում Սահմանադրության 5-րդ հոդվածով ամրագրված իշխանությունների տարանջատման սկզբունքը վերածվել է ձևականության։

Դատական իշխանությունը դարձել է գործադիրի կցորդ՝ 2019 թվականի դատարանների շրջափակմամբ սկսված և 2020 թվականի Սահմանադրական դատարանի վերաձևավորմամբ ամրապնդված գործընթացի արդյունքում։ ԲԴԽ-ի կարգապահական մեխանիզմները դարձել են դատավորներին վախեցնելու և նրանց որոշումները վերահսկելու գործիք։ Օրենսդիր իշխանությունը վերածվել է գործադիրի օրենսդրական հենարանի, որտեղ ընդդիմությունը զրկված է իրական վերահսկողական լծակներից։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը և գործադիր իշխանությանը սպասարկող դատական համակարգը մեղսակից են սահմանադրական կարգի տապալմանը։ Սահմանադրական ժողովրդավարության իրական չափանիշը իշխանության ղեկավարի հայտարարությունները չեն։ Չափանիշն այն է, թե կարո՞ղ է արդյոք դատարանը որոշում կայացնել վարչապետի կամ նրա քաղաքական թիմի դեմ՝ առանց պաշտոնական կամ ոչ պաշտոնական հետևանքներից վախի, և կարո՞ղ է արդյոք խորհրդարանը վերահսկել կառավարությանը՝ նույնիսկ այն ժամանակ, երբ այդ կառավարությունը խորհրդարանական մեծամասնության քաղաքական ղեկավարի կողմից է ձևավորվում։ 2018-2026 թվականների փաստերը ցույց են տալիս, որ այդ հարցերի պատասխանը բացասական է։

Ինչ պատասխանատվություն է նախատեսված ՀՀ Քրեական օրենսգրքով սահմանադրական կարգի տապալման համար

Եթե դատական և օրենսդիր իշխանությունների յուրացման մասին մեր հետաքննությունը դիտարկենք իրավական պատասխանատվության տեսանկյունից, պատկերը դառնում է առավել ցայտուն. Հայաստանի քրեական օրենսդրությունը ուղղակիորեն նախատեսում է պատասխանատվություն սահմանադրական կարգի տապալման համար, սակայն 2018-2026 թվականների ընթացքում այդ նորմը գործնականում չի կիրառվել իշխանության ներկայացուցիչների նկատմամբ։

Հոդված 419. Իշխանությունը յուրացնելը

1. Իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, Կառավարության կամ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը` պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:

2. Իշխանությունը պահելը` Հանրապետության նախագահի, պատգամավորի, վարչապետի կամ նախարարի լիազորությունների ավարտից հետո այդ լիազորությունների իրականացումը շարունակելը`

պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:

Հոդված 420. Սահմանադրական կարգը տապալելը

1. Սահմանադրական կարգը տապալելը` Սահմանադրության 1-ին, 2-րդ, 3-րդ կամ 4-րդ հոդվածով կամ 5-րդ կամ 6-րդ հոդվածի 1-ին մասով կամ 7-րդ հոդվածով նախատեսված նորմի գործողությունը փաստացի դադարեցնելը` պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:

Արդյունքում՝ սահմանադրական կարգի տապալման համար նախատեսված պատժաչափերը՝ 10-15 տարի ազատազրկում, մնում են գործնականում անկիրառելի այն իշխանության նկատմամբ, որը 2018 թվականից ի վեր հետևողականորեն թուլացրել է իշխանությունների փոխզսպման համակարգը։ Այս իրավիճակը ստեղծվել է փաստացի Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակված և նրա կողմից վերահսկվող գլխավոր դատախազի, իրավապահ մարմինների և դատական համակարգի անգործության արդյունքում։

Սահմանադրական կարգի տապալումը Հայաստանում. ինչպես Փաշինյանի իշխանությունը յուրացրեց դատական և օրենսդիր իշխանությունները

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը պետական իշխանության իրականացման հիմքում դնում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման և հավասարակշռման սկզբունքը։ Սահմանադրության 5-րդ հոդվածը հենց այդպես է ձևակերպում իշխանության կառուցվածքը, իսկ 162-րդ հոդվածը սահմանում է, որ արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները, և արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն արգելվում է։ Սակայն 2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» ութ տարի անց Հայաստանը կանգնած է մի իրողության առաջ, երբ Սահմանադրության 5-րդ հոդվածով ամրագրված իշխանությունների տարանջատման սկզբունքը աստիճանաբար դարձել է ձևականություն, իսկ իրական իշխանության կենտրոնը տեղափոխվել է վարչապետի և նրան անվերապահորեն աջակցող խորհրդարանական մեծամասնության շուրջ։ Այս գործընթացը չի սահմանափակվել քաղաքական դեկլարացիաներով. այն ունեցել է հստակ ինստիտուցիոնալ արտահայտություն՝ դատարանների շրջափակումից մինչև Սահմանադրական դատարանի վերաձևավորում, դատավորների նկատմամբ կարգապահական մեխանիզմների ընդլայնումից մինչև ընդդիմության խորհրդարանական վերահսկողական լծակների սիստեմատիկ սահմանափակում։

Կարդալ ավելին

«Պարզապես բիզնե՞ս». Նարեկ Նալբանդյանի հարցազրույցը նոր հարցեր է առաջացնում

«Հրապարակ»-ի՝ գործարար Նարեկ Նալբանդյանի հետ հարցազրույցը, որի նպատակն ակնհայտորեն մի շարք հարցերի պատասխաններ ստանալն էր, որոշ դրվագներում հակառակ արդյունքն է տվել․ պատասխանների փոխարեն նոր հարցեր են առաջացել։ Նալբանդյանը փորձել է ներկայացնել իր բիզնեսի ընդլայնումը որպես բացառապես տնտեսական հաշվարկների արդյունք՝ բանկային ֆինանսավորում, ներդրումներ, խնդրահարույց ակտիվների ձեռքբերում, աճուրդներ և շուկայական ռիսկ։ Նա հերքել է Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի հետ որևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապի առկայությունը։

Կարդալ ավելին

«Փաստինֆո». Արսեն Թորոսյանի եկամուտները 4 տարում կրկնապատկվել են

«Փաստինֆո»-ն ուսումնասիրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված՝ Արսեն Թորոսյանի 2021 թվականի պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը և այն համեմատել 2025 թվականի հայտարարագրի հետ։

Կարդալ ավելին

«Հայ ավանդատուների 300 միլիոն դոլարով տրվել է կաշառք ամերիկյան օլիգարխատին, իսկ թե ո՞վ պիտի էդ փողը հետ դնի տեղը՝ ոչ մեկ չգիտի… Էսօրվա օրով ապրելու կայֆն էլ էդ ա». Արթուր Դանիելյան

Սկզբից մեզ ասվեց, որ ԱՄՆ-ն 4 մլրդ դոլար է ներդնելու «ԱԲ գործարանի» մեջ: Հետո պարզ դարձավ, որ 4 մլրդ չի, այլ 300 մլն է, և ոչ թե ԱՄՆ-ն է Հայաստանում ներդրում անելու, այլ Հայաստանն է ԱՄՆ-ից գնելու անհրաժեշտ չիպերը: Հետո հայտնի դարձավ, որ Հայաստանը դա անելու է ոչ միայն տեղական բանկերի փողերով, այլ նաև մեր կենսաթոշակային հիմնադրամի գումարներով: Ընդ որում, քանի որ կենսաթոշակային հիմնադրամին օրենքով արգելված է նման ավանտյուրաների մեջ մարդկանց թոշակների գումարները քամուն տալ, մեր լեգիտիմները փոխեցին այդ օրենքը: Թեպետ, իհարկե, բանկերն էլ նենց չի, որ բանկիրների փող են ներդրել: Ո՛չ, դա բանկերի ավանդատուների փողերն են:

Կարդալ ավելին

Հայաստանի դեղագործական շուկան․ մեծ փողեր, նեղ շրջան եվ պետական վերահսկողության ձախողումները

Շուկայի զգալի մասը կենտրոնացած է սահմանափակ թվով խոշոր ներմուծողների ձեռքում։ Խոշոր խաղացողների գործունեության վերաբերյալ տարիներ շարունակ արձանագրվել են հակամենաշնորհային վարույթներ։ Դեղագործական բիզնեսի և պետական համակարգի միջև առանձին դեպքերում ի հայտ են եկել մասնագիտական ու ընտանեկան կապեր, որոնք պահանջում են շահերի բախման նկատմամբ խիստ վերահսկողություն։ Չգրանցված դեղեր հայտնաբերվում են սովորական դեղատներում, դրանց վաճառքի համար սահմանվող տուգանքները հասնում են միլիարդավոր դրամների, իսկ նոր ահազանգերն ու խախտումների դեպքերը շարունակում են հայտնվել հանրային օրակարգում։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև