Hetq․ «Խելացի» անասնաշենքերի ծրագիրը ձախողած շահառուներից պետությունը հետ է պահանջում միլիոնավոր դրամներ և տոկոսներ

2019 թվականին կառավարության նախաձեռնած՝ փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման պետական աջակցության ծրագիրը նախատեսվածից զգալիորեն փոքր արդյունք է տվել։ 2019–2021 թվականներին պետությունը ծրագրի շրջանակում նախատեսում էր կառուցել կամ վերակառուցել 230 անասնաշենք, սակայն մինչև 2025 թվականը կառուցվել է ընդամենը 58-ը։ Տնտեսություններին տրամադրված փոխհատուցումները չեն ապահովել ծրագրի նախատեսված ընթացքը, իսկ Էկոնոմիկայի նախարարությունն այժմ դատարանների միջոցով փորձում է պետական բյուջե վերադարձնել հատկացված միլիոնավոր դրամները։

Ինչպես գրում է «Hetq»-ը, նախարարությունը 2022 թվականից հայցեր է ներկայացնում այն շահառուների դեմ, որոնք չեն կատարել պայմանագրային պարտավորությունները։ Դատալեքս համակարգում հասանելի է նախարարության ներկայացրած 10 հայց։ Պահանջվող գումարները կազմում են 11,5–17,5 մլն դրամ։ Դատարանները բավարարել են յոթ հայց, մեկ գործով հաստատել են հաշտության համաձայնությունը, իսկ երկու դեպքում մերժել են նախարարության պահանջները։

Դատական գործերը ցույց են տալիս, որ ծրագրի ձախողման պատճառները տարբեր են եղել։ Որոշ շահառուներ չեն կառուցել կամ չեն շահագործել անասնաշենքերը, մյուսները բախվել են պատերազմական իրավիճակի, արոտավայրերի պակասի, անասնակերի թանկացման և տոհմային կենդանիներ ձեռք բերելու դժվարությունների։ Նախարարությունը, սակայն, հիմնականում առաջնորդվել է պայմանագրային պահանջներով՝ անասնագլխաքանակի ապահովում, անասնաշենքի տեխնոլոգիական համապատասխանություն և դրա առնվազն հինգ տարվա նպատակային շահագործում։

Շինուհայրի բնակիչ Արարատ Գալստյանի գործով դատարանը մերժել է նախարարության՝ 11,5 մլն դրամ բռնագանձելու պահանջը։ Գալստյանը պնդել է, որ պատերազմից հետո Սյունիքի սահմանամերձ տարածքներում արոտավայրերի հասանելիությունը սահմանափակվել է, իսկ անասնակերի թանկացումը և ֆինանսավորման բացակայությունը խոչընդոտել են տնտեսության զարգացմանը։ Նա նաև հայտնել է, որ 2024 թվականի հունվարից կրկին սկսել է շահագործել ֆերման։ Նախարարությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել, սակայն այն մերժվել է։ Գործն այժմ վճռաբեկ դատարանում է։

Մեկ այլ գործով՝ Արմեն Գասպարյանի դեմ ներկայացված 17,5 մլն դրամի պահանջը, դատարանը մերժել է հայցային վաղեմության ժամկետը լրանալու պատճառով։ Նախարարությունը շահառուի խախտումների մասին պետք է իմանար դեռևս 2022 թվականի հունվարից, մինչդեռ հայցը ներկայացրել է 2025 թվականի փետրվարին՝ օրենքով սահմանված եռամյա ժամկետն անցնելուց ինը օր հետո։ Այս դեպքում պետությունը գումարը կորցնելու վտանգի առաջ է կանգնել ոչ միայն ծրագրի չկատարման, այլև նախարարության կողմից դատական ժամկետը բաց թողնելու պատճառով։

Մյուս շահառուի՝ Հայկ Բադալյանի հետ նախարարությունը հաշտության համաձայնություն է կնքել։ 17,5 մլն դրամ հիմնական պարտքին ավելացել են 1 մլն 864 հազար դրամ հաշվեգրված տոկոսները և 525 հազար դրամ պետական տուրքը։ Ընդհանուր՝ մոտ 19,9 մլն դրամը շահառուն պետք է վերադարձնի յոթ տարվա ընթացքում՝ մինչև 2030 թվականը։

Գեղարքունիքի մարզի բնակիչ Սևակ Ջառահյանի գործով դատարանը բավարարել է նախարարության հայցը։ Շահառուն հայտնել էր, որ երկար ժամանակ փնտրել է անհրաժեշտ կաթնատվություն ունեցող տոհմային կովեր և նախարարությունից մասնագիտական աջակցություն խնդրել։ Նրա խնդրանքը՝ մինչև 2025 թվականի վերջը ժամանակ տրամադրելու վերաբերյալ, մերժվել է։ Դատարանը որոշել է բռնագանձել 17,5 մլն դրամ փոխհատուցումը, պետական տուրքը և հաշվեգրված տոկոսները։

«Hetq»-ի ուսումնասիրած գործերում առանձին տեղ ունեն նաև կորոնավիրուսի համավարակով և ռազմական դրությամբ պայմանավորված սահմանափակումները։ Շահառուներից մի քանիսը դրանք ներկայացրել են որպես պարտավորությունները չկատարելու պատճառ։ Դատարանները, սակայն, այդ հանգամանքները չեն ընդունել որպես անհաղթահարելի ուժ։ Դատական ակտերում նշվել է, որ պայմանագրերը նախատեսել են արտակարգ հանգամանքների երեք ամսից ավելի տևելու դեպքում դրանք լուծելու հնարավորություն, սակայն շահառուները նման պահանջ չեն ներկայացրել։

Այսպիսով, ծրագիրը, որի նպատակն էր խթանել անասնապահության զարգացումը և բարելավել գյուղատնտեսական արտադրողականությունը, նախատեսված 230 անասնաշենքի փոխարեն ապահովել է ընդամենը 58-ի կառուցումը։ Իսկ պետական աջակցության արդյունավետությունը գնահատելու փոխարեն այժմ նախարարությունը ստիպված է զբաղվել տրամադրված գումարների դատական բռնագանձմամբ։ Դատական գործերը նաև ցույց են տալիս, որ պետությունը որոշ դեպքերում գումարները վերադարձնելու պահանջ ներկայացրել է ժամանակին, իսկ որոշ դեպքերում բաց է թողել օրենքով սահմանված ժամկետները։

Hetq

Լենա Նազարյանի ամուսինը Թեղուտի հանքում պաշտոն է ստացել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանական նախկին պատգամավորների համար աշխատանք գտնելու հարցը, կարծես, խնդիր չէ։ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Նարեկ Բաբայանը նոր պաշտոն է ստացել։

Կարդալ ավելին

«Oragir.am». Աջափնյակի փոխթաղապետի հայտարարագրից 20 միլիոն դրամի ոսկյա զարդերն անհետացել են

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Նարեկ Իսրայելյանի 2025 թվականի գույքի և եկամուտների հայտարարագրում ուշագրավ անհամապատասխանություն է արձանագրվել։

Կարդալ ավելին

«Գոլդ» համարանիշներից՝ դեպի «գոլդ» կերակրատաշտ. ՀՀ ՆԳՆ-ին 6,5 միլիարդ դրամ են հատկացրել բյուջետային միջոցները «յուրացնելու» համար

«Գոլդ» համարանիշներ, «գոլդ» ծրագրեր, «գոլդ» կերակրատաշտեր՝ չինովնիկական ապարատի համար։ Իսկ այն քաղաքացիներին, որոնց բարօրությամբ, իբր, պետք է մտահոգված լինի պետությունը, այս թանկարժեք՝ «արդյունավետ կառավարում» անվանումը կրող ներկայացման մեջ ավելի ու ավելի հաճախ վերապահվում է ընդամենը լուռ վիճակագրի դերը։

Կարդալ ավելին

Մեկ տարում՝ 24 մահվան դեպք. ի՞նչ է կատարվում Հայաստանի բանտերում ու կալանավայրերում

46-ամյա Արսեն Գևորգյանի մահը, որը տեղի ունեցավ նոյեմբերի 10-ին՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, հերթական անգամ ուշադրություն է հրավիրում անազատության մեջ գտնվող մարդկանց կյանքի ու առողջության պահպանման խնդրին։ Հոկտեմբերի 21-ից կալանքի տակ գտնվող Գևորգյանի ինքնազգացողությունը, ըստ Քրեակատարողական ծառայության, հանկարծակի վատացել է։ Ծառայությունը հայտնել է, որ մինչ այդ նա առողջական գանգատներ չի ներկայացրել, իսկ ժամանած շտապօգնության բժիշկներն արձանագրել են նրա մահը։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի փոխանցմամբ՝ գրանցվել է սրտի կանգ։ Մահվան ստույգ պատճառը պետք է պարզի դատաբժշկական փորձաքննությունը։

Կարդալ ավելին

«Հրապարակ». Ավինյանը փողոցներում ծխախոտի մնացորդներ է հավաքում, իսկ նրա քաղաքապետարանը՝ փոքր բիզնեսի փողերը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մայրաքաղաքում մաքրության ու կարգուկանոնի հաստատման բավական ինքնատիպ պատկերացում ունի։ Ինքը պարբերաբար կոմունալ ծառայության աշխատակցի համազգեստով դուրս է գալիս փողոց, հոգատար քաղաքի ղեկավարի դեր ստանձնում, ծխախոտի մնացորդներ հավաքում ու մասնակցում ցուցադրական մաքրության աշխատանքներին։ Իսկ նրա ղեկավարած քաղաքապետարանը, կարծես թե, քաղաքը «մաքրելու» շատ ավելի արդյունավետ միջոց է գտել՝ փոքր ձեռնարկատերերի գրպանները դատարկելու միջոցով։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև